«Կազանյան տապալումից» հետո միջնորդները ուշքի չեն գալիս 
Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացին` որոշ փակագծեր բացելով դրա դետալներից:

Այն, որ Ադրբեջանը տապալել էր Կազանյան հանդիպումը, դեռ հայտնի էր 2011 թվականի հունիսին, սակայն այն, որ Ադրբեջանը «Մադրիդյան փաստաթղթին» հավանություն էր տվել դեռ 2008 թվականին, որոշակի հարցեր է առաջացնում: Բանն այն է, որ Ադրբեջանը տևական ժամանակ հայտարարում էր, թե չգիտի ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ավելին, առաջարկների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում արտահայտելու փոխարեն` 2007 թվականից ի վեր, անընդհատ հայտարարում էր, որ Հայաստանը հավանություն չի տալիս ներկայացված առաջարկին:
Ու սա այն դեպքում, որ Հայաստանն իր դրական դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել էր «Մադրիդյան սկզբունքների» ներկայացումից կարճ ժամանակ անց: Ընդ որում՝ հավանություն տալ այդ փաստաթղթին նշանակում է, որ տվյալ կողմը այդ սկզբունքների հիման վրա հակամարտությունը լուծելու հնարավորություն է տեսնում:
Ստացվում է, որ Ադրբեջանը նույնիսկ այն ժամանակ, երբ միջնորդների հետ հանդիպումներում հավանություն էր տվել այդ փաստաթղթին, հրապարակային դաշտում խուսափում էր այդ հարցի շուրջ պաշտոնական հստակ դիրքորոշում արտահայտելուց:
Ադրբեջանն այդ փաստաթղթի վերաբերյալ մշտապես խուսափել է պաշտոնական դիրքորոշում արտահայտել այն պատճառով, որ նրանում հակամարտության լուծումը հիմնված էր այնպիսի սկզբունքների վրա, որոնցից երկուսն ակնհայտորեն «նյարդայնացնում» էին նրան, խոսքը ժողովուրդների ինքնորոշման և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման մասին է: Ադրբեջանին միակ «բավարարող» սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որի վրա էլ կառուցվում է Ադրբեջանի ողջ քարոզչական քաղաքականությունը:

Ի դեպ, ըստ սահմանված «խաղի կանոնների», այս 3 սկզբունքներն ու հրապարակված 6 տարրերը մեկ ամբողջություն են և փորձերը՝ հղում կատարել դրանցից միայն մեկին կամ պրոցեսը դիտարկել միայն 1 կամ երկու սկզբունքի հիման վրա, դատապարտված են ձախողման:
Համենայնդեպս, Կազանի հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում, Ադրբեջանը միջնորդներին հավաստիացրել էր, որ խնդիր չի տեսնում Հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը ստորագրելու, այն՝ որպես հիմք ընդունելու ու բանակցությունները շարունակելու հարցում, սակայն Կազանում Ադրբեջանը ոչ միայն հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ հանդես գալով 10-ը նոր առաջարկներով, այլև փորձեց «պատմության աղբամանը» նետել 3-4 տարի բանակցված փաստաթուղթը: Ընդ որում՝ 2007-11 թվականները բանակցային գործընթացում բավականին ակտիվ փուլ էր այն առումով, որ միջնորդներին զուգահեռ, եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպումների նախաձեռնություն ստանձնեց այն ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Իհարկե, Կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանը փորձեց «դիմադրել»՝ ելքեր փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, սակայն ամեն ինչ այնքան պարզ էր, որ նույնիսկ գործադրված «գերջանքերը» ի զորու չէին հիմնավորելու Ադրբեջանի պահվածքը Կազանում: Կազանյան հանդիպման ամենամեծ հարվածը ստացան միջնորդները, ովքեր տևական ժամանակ չէին կարողանում ուշքի գալ, իսկ հայկական կողմի համար Ադրբեջանի որդեգրած քաղաքական գիծը ի սկզբանե պարզ էր:

Միաժամանակ պետք է նշել, որ նախագահի՝ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցված հայտարարությունից պարզ է դառնում, որ, համենայնդեպս, Կազանի հանդիպումից հետո, կողմերին նոր փաստաթուղթ չի ներկայացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել