Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվությունը խստացնելու մասին օրենսդրական նախագիծը։

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք, նրա խոսքով, ուղեկցում են 25-օրյա վարժական հավաքներին։

«Գրեթե յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյայում ականատես է լինում, որ հարևանները, բարեկամները կամ աշխատակիցները կանչվում են վարժական հավաքների։ Մարդիկ խուսափում են վարժական հավաքներից, քանի որ չեն վստահում համակարգին, չեն զգում իրենց պաշտպանված, իսկ մասնակցելը նշանակում է 25 օրով կտրվել աշխատանքից ու ընտանիքից: Բացի այդ, վարժական հավաքները հաճախ վերածվում են ոչ թե վարժանքի, այլ մարտական հերթապահության», - նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ վարժական հավաքների համակարգում առկա են բազմաթիվ թերություններ՝ սոցիալական ու կենցաղային խնդիրներից մինչև հանդերձանքի հետ կապված դժգոհություններ։ Մանուկյանը հիշեցրեց նաև դեպքեր, երբ քաղաքացիներից գումար է պահվել համազգեստի համար կամ պայմանները եղել են անընդունելի։

«Եթե մեր անվտանգությանը վտանգ սպառնա, տարբերություն չի լինի՝ Գեղամ Մանուկյանն է, թե Անդրանիկ Քոչարյանը։ Բայց չպետք է աչքակապությամբ ու պոռոտախոսությամբ ներկայացվի, թե այս ամենը լուծում է տալիս։ Անվտանգության ապահովումը պահանջում է անկեղծ ու համակարգված քայլեր», - ընդգծեց պատգամավորը։

Մանուկյանը նշեց, որ ընդդիմությունը, լինելով կողմ ազգային անվտանգության հետ կապված խստացումներին, միաժամանակ պահանջում է լուծել հավաքների իրական խնդիրները՝ պայմաններից մինչև կազմակերպչական հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել