1in.am-ը գրում է.
Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարցով դիմեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ճի՞շտ է, որ Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ Դուք հանրությանը հայտնի եք որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո: Ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ կորցրած գումարը»,- հարցրեց նա:
Փոստանջյանի այս հարցադրումն արդեն իսկ լրատվական կայքերում և սոցցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն ասաց, որ մեր երկիրն այնպիսի խառնափնթոր վիճակում է, որ այն կարգի բերելու բոլոր հնարավոր լծակներից հարկավոր է օգտվել՝ նաև ԵԽԽՎ ամբիոնից, բայց ողջ հարցն այն է, որ այդ կառույցն ինքը վարկաբեկել է իրեն՝ մեր խայտառակ ընտրությունները միջազգային նորմերին համապատասխան համարելով․ «Իրենք կույր չեն, ամենը տեսնում են, բայց դե իրենք էլ իրենց շահերն ունեն: Մի դեպք եմ լավ հիշում. մերոնց մի անդուր կոնվենցիա էին դեմ տվել, և մերոնք, որպես լեռնցի տղամարդիկ, չէին ուզում ստորագրել: Ու մեկ էլ արևմտյան երկրներից մեկից սկսեցին ակնարկել, թե Հայաստանում անցկացված ընտրություների ժամանակ քվեների կեղծման...: Էլ խոսքը չշարունակած՝ մերոնք սուսուփուս ստորագրեցին: Ես, որպես մարդ, ամբողջովին հասկանում եմ Զարուհի Փոստանջյանին ու նրան մեղադրել չեմ կարող. երկրի ներքին կյանքն ահավոր ապականված է, իշխանական համակարգը լցված պատեհապաշտներով, պետությունը շնչահեղձ լինում: Ու լռելը, սսկվելը հանցագործություն է»:
Միևնույն ժամանակ Պեպանյանը նշեց, որ մյուս կողմից՝ իշխանությունների գավառական պահվածքը, արհամարհանքը ժողովրդի ու նրա ցավը բարձրաձայնողների հանդեպ կարծես այլ տարբերակ չեն թողնում․ «Այդ իշխանություններն են Փոստանջյանին դրդել, հարկադրել, որ գնա ու այդ ամբիոնից ելույթ ունենա: Ու թող ամենևին չխոժոռվեն: Բայց եթե սառը դատենք, ազգի ու պետության շահից ելնելով, ապա արարքը, հատկապես հարցադրման բովանդակությունը, որն ինքը երբեք ապացուցել չի կարող, ողջունելի չէ: Ի՞նչ ենք շահելու դրանից: ԵԽԽՎ-ում մեզանից լավ գիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում: Եթե իմանամ, որ այդ կառույցը անհապաղ միջոցներ կձեռնարկի նշված հարցերի կարգավորման ուղղությամբ, կասեմ՝ կեցցես, հերոս ես, մեր երկիրը դրանից շահեց: Բայց ի՞նչ եք կարծում՝ կլինի՞ նման բան, թե՞ Եվրոպան սա կօգտագործի իր իսկ շահերի համար: Հավանական է՝ երկրորդը: Եվ ստացվում է, որ մենք ակամա վնասում ենք ինքներս մեզ: Այլ տեսանկյունից նայենք: Եվրոպան, ինչ խոսք, պատշաճ կերպով չի սաստի մեր իշխանություններին, ինչպես որ չի սաստել երբեք: Ու այդ ելույթից հետո մեր իշխանությունները դառնալու են ավելի ագրեսիվ, ավելի անհանդուրժող: Սա էլ երկրորդ վնասը մեզ: Ընդհանրապես այնպես է ստացվել, որ մեր քաղաքական ընդդիմությունը լավ բան անել ցանկանալով՝ վատ արդյունքի է հանգեցրել՝ իշխանություններին ակամա հարկադրելով դառնալ էլ ավելի վատը: Ժամանակն է հակառակն անելու»:
Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս ելույթի պատասխանատվությունն ընկնում է Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, ինչին ի պատասխան վերլուծաբանն ասաց․ «Ես կոնկրետ անձի պատասխանատվության չէի կանչի, այլ կառաջարկեի կողմերին խորհել նման երևույթներ ծնող պատճառների վերացման շուրջ»:
Իր հերթին՝ Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս ելույթը բացասական անդրադարձ կունենա, հնարավոր է Զարուհի Փոստանջյանի վարկանիշը կամ հետաքրքրությունը նրա նկատմամբ աճի, բայց կուսակցության վրա այն անդրադարձ չի ունենա. «Իրենց կուսակցության հիմնական լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը շատ քիչ է արտահայտվում և երևում: Ընդհանրապես, եթե «Ժառանգության» մասին կարծիք հայտնեմ, պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր կուսակցություն է, այլ կուսակցություններում առաջնորդն իսկապես որոշիչ դեր է կատարում, իսկ այստեղ՝ նրանք կարող են տարբեր իրարից անկախ բաներ ասել, գնալ մի տեղ՝ մի ակցիայի, որից կուսակցության առաջնորդն ընդհանրապես տեղյակ չէ: Տարօրինակ կուսակցություն է՝ անդամների, լիդերի և ղեկավարի միջև կոնսոլիդացիա կարծես չկա»:
Հարցին, թե սա Զ․ Փոստանջյանի վրա դրակա՞ն, թե՞ բացասական անդրադարձ կունենա, Գևորգ Պողոսյանը պատասխանեց․ «Բացասական, որովհետև ցանկացած երկրի նախագահին, որ իր երկրի պատգամավորը այդպիսի հարց է տալիս՝ անում է վարկաբեկելու համար: Նա կարող էր այդ հարցադրումն այստեղ՝ Հայաստանում անել, բայց Եվրախորհրդարանում արեց, որպեսզի ավելի մեծ հնչողություն ունենա: Հասկանալի է, որ շատ բացասական ազդեցություն կունենա»:



