Tert.am-ը գրում է․

InDepthNews կանադական հեղինակավոր պարբերականի հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշումից ժամեր առաջ։

Հեղ․ Բենուա Լանու

Երևան (Հայաստան), 14 օգոստոսի 2025

Այսօր՝ տեղական ժամանակով 17:30-ին, Երևանում գտնվող Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը որոշելու է՝ երկարաձգե՞լ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, ինչպես պահանջում է Գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հայտարարել էր, որ հունիսի 17-ին Կարապետյանի ձերբակալությունն անօրինական է եղել։ Սակայն իշխանություններն անմիջապես բողոքարկել են այդ որոշումը։

Եթե դատարանն այսօր որոշում կայացնի երկարաձգել կալանքը, դա կհաստատի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը՝ շարունակել ճնշումը իր քաղաքական քննադատների նկատմամբ։ Շատերը վստահ են, որ դատարանն անկախ չէ և գործում է իշխանության վերահսկողության ներքո։

«Մեր ձևով»

Կարապետյանի կալանքի երկարաձգումը կարող է դրդել նրան ու իր ընտանիքին «իրենց ձևով» ներգրավվել քաղաքական գործընթացում՝ նոր քաղաքական շարժման միջոցով, որը կփորձի հաղթել գործող իշխանությանը 2026 թվականի ընտրություններում։

Հենց այս՝ «մեր ձևով» արտահայտությունն էլ դարձել է այս ողջ գործի առանցքը։ Հունիսի 17-ին, լրագրողի հարցին պատասխանելիս, Կարապետյանն ասել էր.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայկական պատմությունն ու Հայ եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, մենք մեր մեր ձևով կմասնակցենք այդ պրոցեսին»։

Ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն է։ Խմբի կազմում ընդգրկված են նաև Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոնները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ)։ Բացի տնտեսական գործունեությունից, Կարապետյանը հայտնի է իր բարեգործական նախագծերով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, որն Ադրբեջանը գրավել է 2023թ.-ի սեպտեմբերին՝ էթնիկ զտման ենթարկելով հայկական բնակչությանը։

Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշում է․ «Պարոն Կարապետյանը պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցուն: Կարապետյանը պարզապես հարցազրույցի է մասնակցել ու իր աջակցությունը հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն»։

Ինչի՞ մասին է այս ամենը։

Արցախ

Վարչապետ Փաշինյանն 2021-ի նախընտրական խոստումներում նշել էր, որ կպաշտպանի իր երկրի, այդ թվում՝ Արցախյան անկլավի տարածքային ամբողջականությունը, բայց ձախողեց։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մենակ թողեց հայերին, երբ Ադրբեջանը 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակեց Լաչինի միջանցքը՝ չնայած 44-օրյա պատերազմի դադարեցման համաձայնագրին: Հարկ է նշել նաև ԵՄ նախագահ Շառլ Միշելին, որի դիվանագիտական նախաձեռնությունները աղետ բերեցին Հայաստանին. նա փաստացի աջակցեց Ալիևին՝ Արցախի և արցախցիների նկատմամբ ագրեսիայի ընթացքում։

Այդ ժամանակից ի վեր, Փաշինյանը այլևս արցախցիներին չի պաշտպանում, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հրաժարվում Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանությունից, հայտնվում են ճնշման ներքո կամ բանտում։ Նույնիսկ եկեղեցին՝ Արցախի պաշտպաններից մեկը, դարձել է թիրախ։

«Դու չես կարող Արցախն առանձնացնել արցախցիներից, մոռանալ Ցեղասպանությունը, սահմանային խնդիրները և այլն»,- պատմում էր մեզ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը մեր հանդիպման ժամանակ 2023թ. նոյեմբերին: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս այս պահին ձերբակալված են։

Վերադառնալով Կարապետյանին. երբ Հայաստանի վարչապետը որոշեց գրոհել Եկեղեցին, բնականաբար, վերջինիս աջակիցները չէին կարող լուռ մնալ:

Հարձակումներ Եկեղեցու վրա

Փաշինյանի հարձակումներն աննախադեպ էին: Վարչապետն ու իր շրջապատը հրապարակայնորեն մեղադրեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ քահանայական ուխտը խախտելու համար՝ հին բամբասանք տարածելով, թե նա զավակ ունի։ Հուլիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց ժողովրդին հարձակվել Էջմիածնի վրա ու պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։

301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեության ճանաչումից ի վեր, Կաթողիկոսի նկատմամբ երբեք նման երևույթ չի գրանցվել, ինչպես դա տեղի է ունենում նախորդ շաբաթների ընթացքում:

Կարապետյանի փաստաբանը հարց է բարձրացնում․

«Կարո՞ղ եք պատկերացնել՝ եվրոպական որևէ երկրի իշխանությունները հանդես գան նման կոչով՝ ուղղված Հռոմի Պապի դեմ։ Սա աննախադեպ է»։

 

Կարապետյանն ընդամենը ասել էր՝ եթե քաղաքական գործիչները չեն պաշտպանում Եկեղեցին, ապա «մենք մեր ձևով կմասնակցենք»։ Մեկ-երկու ժամ անց՝ վարչապետն անձամբ հրապարակեց սպառնալից գրառում ֆեյսբուքյան իր էջում։ Այդ գրառումից մի քանի ժամ հետո Կարապետյանը ձերբակալվեց։

Ֆեյսբուքյան արդարադատություն

Կառավարությունը միևնույն ժամանակ փորձում է ազգայնացնել ՀԷՑ-ը։ Բայց Ստոկհոլմի Առևտրային Արբիտրաժային պալատը հուլիսի 22-ին որոշեց դադարեցնել այդ գործընթացը։ Փաշինյանի կառավարությունը անտեսում է այդ որոշումը՝ խարխլելով ներդրողների վստահությունը։

Փաստաբանը պնդում է․

«Բոլոր այս զարգացումները սկսվել են հենց վարչապետի հանրային սպառնալիքից հետո։ Գործը քաղաքական հետապնդում է, ոչ թե իրավական գործընթաց»։

 

Գործ ունենք ֆեյսբուքյան արդարադատության հետ:

Նարեկ Կարապետյան

Ի՞նչ քայլերի են դիմելու Կարապետյանները

Մենք հանդիպեցինք Կարապետյանի զարմիկին՝ «Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանին։ Վերջինս չթաքցրեց, որ իրենք պատրաստվում են քաղաքականություն մտնել։

Ի դեպ, Սամվել Կարապետյանը չունի ընտրելու և ընտրվելու իրավունք, քանի որ ունի ոչ միայն հայկական, այլև ռուսական և կիպրական քաղաքացիություն։ Բայց Նարեկը, հնարավոր է, հանդես գա նոր քաղաքական շարժման առաջնագծում։

Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը հիշեց, թե որքա հույս կար, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության եկավ՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ»։

«Այդ ժամանակ կարծիք կար, որ սա հաջորդ քայլն է ուժեղ ժողովրդավարական ավանդույթի ձևավորման համար։ Հայաստանն արդեն իսկ ավելի ժողովրդավարական էր, քան մեր բոլոր հարևանները՝ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Մեզ մոտ պետության ղեկավարները փոխվում են։ Անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիներին, ունեցել ենք մի քանի նախագահ և վարչապետ»։

 

Սակայն Նարեկ Կարապետյանը նշում է, որ ամեն ինչ փոխվեց 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։

«Այդ ժամանակվանից իշխանությունը սկսեց ավելի ավտորիտար դառնալ»։

 

Ավտորիտարացման այս ալիքի գագաթնակետը, ըստ նրա, եղավ մի քանի ամիս առաջ, երբ վարչապետը սկսեց հրապարակային հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որը հայկական ինքնության հիմքն է և համահայկական միավորող գործոն Հայաստանում և Սփյուռքում։

«Կառավարությունը ցանկանում է վերահսկել Եկեղեցին, մինչդեռ Եկեղեցին ունի ամբողջական ինքնավարություն Հայաստանում։ Շատ հայ գործարարներ չեն կարողանում խոսել, քանի որ վախենում են՝ կարող են ունենալ հարկային կամ իրավական խնդիրներ։ Բայց իմ հորեղբայրը, որը վերջին հինգ տարում Հայաստանի ամենախոշոր ներդրողն է, չլռեց և արեց իր հայտնի 37 վայրկյանանոց հայտարարությունը, ինչից հետո ազատազրկվեց»։

 

Տեխնոկրատներ

Չնայած զգուշավորությանը՝ Նարեկ Կարապետյանի քննադատությունը չի սահմանափակվում միայն Եկեղեցու և կառավարության հակամարտությամբ։

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսեց բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կարծես ուրանալով Հայոց ցեղասպանությունը, և շարունակվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումով։ Վարչապետը նաև փորձում է սահմանափակել Սփյուռքի դերը Հայաստանի հասարակական կյանքում, մինչդեռ Սփյուռքը ձևավորվել է հենց Ցեղասպանության հետևանքով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել