Tert.am-ը գրում է.
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել Ազգային ժողով, հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2017 թվականին նախաձեռնված թիվ 90101617 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը զավթվել է և 2010-2015 թվականներին, առանց կառուցապատման իրավունքի, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված հողատարածքի վրա ինքնակամ կառուցվել է առանձնատուն: 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում միանձնյա հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի բնակիչ Բենիամին Սուրենի Ղալեչյանը, ում նշված հողամասը տրամադրվել է վարձակալության և կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով՝ 2 տարվա ընթացքում 250.000.000 դրամի ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10526 քմ հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը 2010 թվականից սկսած փաստացի տիրապետվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից:
Սույն վարույթի շրջանակներում 2023 թվականի մայիսի 25-ին նախաձեռնվել է թիվ 90152923 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը:
2024 թվականի հունվարի 5-ին, պայմանավորված քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի հունվարի 29-ին նախաձեռնվել է թիվ 58201825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի փետրվարի 12-ին թիվ 58201825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:
2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է թիվ 58207825 քրեական վարույթը, որով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:
2025 թվականի մարտի 24-ին թիվ 58207825 քրեական վարույթը միացվել է թիվ 90152923 քրեական վարույթին՝ նախաքննությունը շարունակելով 90152923 համարի ներքո:
2025 թվականի հունիսի 9-ին թիվ 90152923 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։
Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) այն բանի համար, որ նա, 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի թիվս այլնի
- պատասխանատու լինելով Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործության կանխարգելման և նվազեցման, բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար,
- Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով Բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ,
- Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578-Ն որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ և լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները և նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,
խմբային շահերից ելնելով չի կատարել ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպիսի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության և պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության և նշված մրցույթային հանձնաժողովի բնականոն գործունեությունը, բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվել նպատակային նշանակությամբ, կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



