Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման հետ։ «Խոր անհանգստություն ենք հայտնում՝ կապված հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված ՌԴ ԱԴԾ շուրջկալների հետ, որոնց հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ինը մարդ ձերբակալվել է։ Մենք ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում եւ ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում»,- նշել են Բաքվում։ Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեն (ՔԿ) և Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգ քաղաքում իրականացված հատուկ գործողության հետ։ «ՔԿ աշխատակիցները՝ Սվերդլովսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ և Ռոսգվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցության միջոցով, իրականացրել են համալիր միջոցառումներ։ Դրանք իրականացվել են Եկատերինբուրգի տարածքում ավելի վաղ կատարված մի շարք հանցագործությունների քննության շրջանակում։ Գործողությունների արդյունքում ձերբակալվել է մի քանի անձ, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ»,-նշված է պաշտոնական հաղորդագրությունում։ Նշվում է, որ այս պահին քննչական գործողությունները շարունակվում են, ստուգվում է ձերբակալվածների առնչությունը ինչպես քննվող, այնպես էլ այլ հանցագործություններին։ Նաև ընդգծվում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակվում։ Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի է դարձել, որ գործողության արդյունքում սպանվել են եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, ինչպես նաև նրանց զարմիկ Քյամալ Սաֆարովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: