Մայիսի 20-21-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Երևան:  Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշված է, որ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մոսկվայում ակնկալում են, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների գտնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել