168.am-ը գրում է․

Սյունիքի մարզում ադրբեջանական կողմից հնչող շարունակական և հաճախ թիրախավորված կրակոցները մտահոգում են բնակիչներին։ 2 ամիս շարունակվող կրակոցները հիմնականում տեղի են ունենում գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։

Կրակոցներին զուգահեռ՝ բնակիչները մտահոգվում են, որ հանկարծ չարժանանան արցախահայերի ճակատագրին՝ թշնամին իրենց գցի շրջափակման մեջ, ու մի օր ստիպված լքեն իրենց գյուղը։ Օրերս լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես է Խնածախից մոտ 3 կմ հեռավորության վրա վերջին տարվա ընթացքում Ադրբեջանը «շինհրապարակ» բացել։

168.am-ի հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասաց, որ գյուղի մոտակայքում նման բան չեն նկատել, եթե ավելի հեռու հատվածում լինի՝ պետք է Պաշտպանության նախարարությունն ասի, անձամբ նման բան չի կարող հրապարակել։

«Գյուղից իրենց վերահսկողության տակ անցած մեր տարածքներում տեղաշարժ կամ այլ երևույթ միանշանակ չի նկատվում։ Այս պահին ինչ որ տեսնում, դիտարկում ենք,  իրենց որևէ դիրքում տարօրինակ տեղաշարժ չկա։

Բոլորիս համար էլ մտահոգիչ է, թե ինչու են գիշերները կրակում, բայց այս հարցին որևէ մեկս չենք կարող պատասխանել»,- նշեց Խնածախի ղեկավարը։

Խնածախի վարչական ղեկավարը հերքեց լուրերը, թե կրակոցների հետևանքով գյուղից բնակիչներ են հեռանում՝ ասելով, որ մինչև այս պահը գյուղից ընտանիք չի հեռացել։

«Այս պահի դրությամբ չկա մեկ ընտանիք, որ դուրս եկած լինի գյուղից»,- նշեց Սեյրան Միրզոյանը։

Նշենք, որ ավելի վաղ նա մեզ հետ զրույցում ասել էր, որ 2 ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակում են, եթե բնակիչները վախենային, ապա կհեռանային գյուղից, սակայն որևէ մարդ չի հեռացել։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել