
Hetq.am-ը գրում է.
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում: Գրում է Հետքը:
Կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար պետությունը որոշել էր ստեղծել ներդումային ֆոնդ, որը պետք է մասնավոր կապիտալի ներհոսք խթաներ դեպի ՀՀ տնտեսություն եւ այդպես ապահովեր կապիտալի երկարաժամկետ ու կայուն աճ:
Այս նպատակով 2019-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը հիմնադրել է դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Սա էլ իր հերթին, որպես կառավարիչ, ՀՀ կենտրոնական բանկում գրանցել է տվել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:
«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային են այն ֆոնդերը, որոնց թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի: Փակ են համարվում այն ֆոնդերը, որոնք պարտավորություն չունեն հետ գնել իրենց թողարկած եւ ֆոնդի մասնակցին պատկանող փայերը վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պայմանագրային ֆոնդ ասելով՝ պետք է հասկանալ ակտիվների համախումբ, որը ձեւավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա: Իսկ մասնագիտացված ֆոնդը ֆոնդի տեսակ է, որի ակտիվներն ամբողջությամբ կամ առնվազն 30 տոկոսով ենթակա են ներդրման կոնկրետ տեսակի ակտիվներում:
Այսպիսով՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ է «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում են տարբեր ընկերություններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: