
Այն, որ Խոզնավարի ուղղությամբ թշնամին վաղուց է կրակում ՝ արդեն ամսից ավել է գրում են լրատվամիջոցները:
«Հրապարակը» կապ հաստատեց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանի հետ, պարզելու համար, թե ինչ իրավիճակ է գյուղում: «Ես գյուղում չեմ, չգիտեմ որքան է վնասը՝ կհասնեմ տեղ, Ձեզ կասեմ»,- ասաց Զաքյանը: Մենք երեկ ևս զանգահարել էինք իրեն ու նույն պատասխանը ստացել՝ գյուղում չի, շուտով գյուղ կհասնի, տեղում իրավիճակին կծանոթանա ու մեզ կտեղեկացնի:
Խնածախի ու Տեղի բնակիչների հետ զրույցների ժամանակ պարբերաբար լսում էինք, որ մարդկանց վախեցնում են, սպառնում են չխոսել թշնամու կողմից արձակված կրակոցների մասին: Միգուցե Զաքյանին էլ են զգուշացրե՞լ: Եւ առհասարակ` կրակոցների տակ գտնվող գյուղի վարչական ղեկավարն ինչու է այսքան երկար բացակայում գյուղից:
Խնածախում ևս կրակում են՝ արդեն երկու ամիս է, ավանդույթ է դարձել՝ դառը կատակում է Խնածախի բնակչուհին:
«Կրակոցները հեռվից չեն` լսում ենք: Մեր վերջին խոսակցությունից այս կողմն բան չի փոխվել՝ գիշերվա իրենց ժամերին պարտադիր կրակում են»,-ասաց Խնածախի բնակչուհին:
Իսկ Տեղ գյուղի բնակիչն ասում է․ «Իհարկե այսպիսի կրակոցներ եղել են, բայց այս քանի ժամանակները մեր գյուղի ուղղությամբ էլ կրակոցներ կան՝ գիշերն են կրակում և ավտոմատներով: Օրինակ, այս գիշեր մի հինգ-վեց պատրոն կրակեցին դադարեցին՝ սովորաբար այդպես են անում, բայց դեռևս սա լուրջ իրավիճակ չէի բնորոշի»,- շեշտեց Տեղի բնակիչը:
Մինչ թշնամին հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակելով մարդկանց մոտ անպաշտպանության զգացում է արմատավորում և մարդիկ քիչ-քիչ սկսում են մտածել իրենց ծննդավայրից հեռանալու մասին, ՀՀ ՊՆ-ն առաջարկում է Ադրբեջանի ԶՈՒ-ին՝ հետաքննել հայկական բնակավայրերի ուղղությամբ կատարված կրակոցների դեպքերը:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/71e29375cd0a598807da36432ec0e5c2
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել