Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի իրավունքը, որ թացը չորի հետ չխառնվի, որ որևէ անմեղ մարդ բանտում չհայտնվի, որ արդարություն ու արդարադատություն լինի երկրում և ոչ թե վրեժ կամ հաշվեհարդար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաև այն պատճառով, որ մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում բռնություն, մեր ժողովուրդը չի սիրել և չի սիրում ամենաթողություն, չի սիրել և չի սիրում անարդարություն։ Իսկ ի՞նչ կասեմ արդարության և արդարադատության մասին։ Միթե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում էինք հասնել և ո՞րն էր այդ կետը։

Իսկ մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։

Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդակատ դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով. Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան և ճշգրիտ հավատարիմ ենք ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։

Նաև չմոռանանք, որ մենք բառիս բուն իմաստով զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել երեք առաջին ատյանի վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, և վարչապետի պաշտոնից իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն, այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է. «Այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին և անհեթեթորեն ձգվող դատավարությունները, սրա թերևս ամենավառ օրինակն են։

Այդ մենթալիտետի համաձայն արդարադատություն կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավորական օղակներում։ Ամո՞թ է արդյոք յոթ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը արած չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։

Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն: Ոչ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա: Բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- ընդգծեց վարչապետը:

Նա ուրախությամբ արձանագրեց, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, որոնք վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում. «Պիտի աներբա ասեմ, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծում փնտրելով:

Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող ենք կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության, կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի և դատական համակարգի միջև օրգանական կապը և առաջիկա Նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը:

Ես գիտեմ և հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման  պրոբլեմի առաջ:

Բայց նախ, մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ և բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում։

Ինչու, ուրեմն, չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին, արդարության և արդարադատության ոլորտում առկա պրոբլեմները և դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել և մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են, մեր կողքին ապրած և մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը, որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների և դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երդվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը, ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։

Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ և ցանկացած ոստիկան»,- հայտարարեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել