
Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանման պատճառով ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան տուրքերի սահմանումը չի բխի ճապոնացի ժողովրդի շահերից։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան՝ Խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Ես կտրականապես չեմ ասում, թե մենք պատասխան մաքսատուրքեր չենք սահմանի, բայց մենք մտածում ենք՝ ինչը ձեռնտու կլինի առաջիկա բանակցություններում», – ասել է նա՝ նշելով, որ էներգիայի և պարենային ապրանքների գների արագ աճի համատեքստում պատասխան մաքսատուրքեր սահմանելը չի բխի Ճապոնիայի և նրա ժողովրդի շահերից։
Ներկայում Ճապոնիան պատրաստվում է մաքսատուրքերի շուրջ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների, որոնք ըստ NHK հեռուոտաալիքի՝ տեղի կունենան ապրիլի 17-ին Վաշինգտոնում։
Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ճապոնիայից ապրանքների համար հաստատվել են լրացուցիչ 24% մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել բոլոր ներմուծվող ավտոմոբիլների համար՝ 25%-ի չափով:
Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին, նա հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Այդ երկրների համար կգործեն ներմուծման մաքսատուրքեր10%-ի չափով: