168.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմից այս գիշեր կրկին Սյունիքում կրակել են, ճիշտ է՝ կրակոցներն անկանոն են, սակայն դրանք վերջին շաբաթների ընթացքում պարբերական բնույթ են կրում։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանի խոսքով՝ ռազմական փորձագետները, ռազմական հոգեբանները կարող են ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գիշերներն անկանոն կրակում, ինքը չի կարող ասել այս կրակոցների նպատակը։

«Առայժմ անկանոն են կրակում ու միշտ գիշերները, այս պահին վտանգավոր բան չկա։ Հավանաբար կրակում են, որ վիճակը լարված պահեն, բայց դե, բնակիչները չեն կարող հող չմշակեն, մշակում են։ Կրակոցներին հայկական կողմից չեն պատասխանում, հո իրենց խելքի՞ն չեն, թշնամու ուզածն էլ դա է, որ հայկական կողմից իրենց կրակոցներին պատասխանեն ու գնան մեծ սադրանքների»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մասիս Զեյնալյանը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականից Տեղ համայնքի հողերից 120 հեկտարն այս պահին գտնվում է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ։

«Հարց եմ բարձրացրել, ասել եմ՝ թշնամու կողմից մեր զավթած հողերը ե՞րբ են վերադարձնելու, ինձ համայնքապետը պատասխանել է՝ սահմանազատումից հետո կվերադարձնեն։ Հիմա, եթե սահմանազատումից հետո չվերադարձրեցին, այդ մարդկանց պատասխանն ինչպե՞ս են տալու։ 1 հեկտար չէ, որ ասես՝ դե լավ, 120 հեկտար է, գյուղացիներն առանց հողի սահմանին ինչպե՞ս պետք է ապրեն։

Այսինքն՝ մեզ այստեղ հավաստիացնում են, որ այդ հողերը սահմանազատումից հետո կտան, բայց որ տեսնեք թշնամու կատարած աշխատանքներն այդ տարածքներում, կհամոզվեք, որ իրատեսական չէ։ Իրենց դրոշը խփել, նստել են։ Այդ տարածքից էլ են անկանոն օդ կրակում»,– հավելեց Մասիս Զեյնալյանը։

Մասիս Զեյնալյանի խոսքով՝ շարունակելու է բարձրաձայնել Տեղ համայնքի խնդիրները, որքան էլ իրեն խանգարեն։

«Օրինակ, գյուղատնտեսական նշանակության տարածքը փոխել են արտադրական նշանակության, որ ցորեն զտելու տեղ սարքեն համայնքի համար, բայց չգիտես՝ ինչու, բետոն պատրաստելու գործարան են սարքում։ Հարցերը շատ են։ Նաև խմելու ջրի խնդիր կա, մինչդեռ պայմանագրով նշված է, որ 24 ժամ պետք է խմելու ջուր լինի Տեղ համայնքում»,- ընդգծեց Մասիս Զեյնալյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել