Factor.am-ը գրում է․

Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու  կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։

Տևական լռությունից հետո Անի Օհանյանը երեկ գրառում է կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։
«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից:»
Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր:
Այսօր ես համարձակվում եմ խոսել:
Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:
Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել էր երգչուհին։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել:

Քրեական օրենսգրքի համաձայն էլ՝ ընտանիքում բռնության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործությունների դեպքում, անգամ տուժողի հետ հաշտության համաձայնության դեպքում անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից։

Քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով, անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով։

Վերը նշված կարգավորումներից բխում է, որ Անի Օհայանի գրառումն ինքնին կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել