Tert.am-ը գրում է.

Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն, զուգահեռ կա նաև քրեական վարույթ Քննչական կոմիտեում այս դեպքի մասով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի՝ Վանաձորի ոստիկանների կողմից խոշտանգման մեղադրանքներին:

Նախարարը նշեց, որ այս պահին հատկապես քրեական վարույթի առկայության պայմաններում չի տա որևէ գնահատական, որովհետև դրա իրավասությունը չունի, բայց պետք է օբյեկտիվ իրականացվի քննություն։

«Այս դեպքի մասով համացանցում տարածվեց մեր երկու ծառայողների լուսանկարներ: Պիտի փաստեմ, որ ծառայողներից մեկը մի քանի օր առաջ, մեկ այլ հանցագործության բացահայտման, մեկ այլ հանցանք կատարած անձի նռնակով վնասազերծման դեպքի շրջանակներում, վտանգելով իր կյանքը, ստացել է վնասվածքներ և հայտնվել հիվանդանոցում։

«Որպես նախարար, իմ հարցադրումը հետևյալն է. ոստիկանության ծառայողը կարո՞ղ է օրեր առաջ պատշաճ ոստիկանին բնորոշ վարքագիծ դրսևորել՝ պահպանելով օրենքը և ապահովելով այլ անձանց անվտանգությունը, օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի։ Այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը։ Այս հարցի պատասխանը ես տալ չեմ կարող, բայց առնվազն այս հանգամանքը ես բարձրացնել պարտավոր եմ ուղղակի»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ ըստ ենթադրյալ տուժողի խոսքերի, ութ հոգով ինտենսիվ ծեծ է եղել իր նկատմամբ։ «Կրկին այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը, քանի հոգով, ինչ իրադարձություն, ինչպես, ո՞նց, որտեղ, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է և ծառայողական քննության շրջանակներում երեկ ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ծառայողական քննության շրջանակներում ես ստացել եմ փորձաքննությունը։ Փորձագետը եզրակացության եզրափակիչ մասում նշել է հետևյալը՝ բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու և գլխից ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքներ սալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում և չի մեկնաբանվում»,- տեղեկացրեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել