
Mediahub.am-ը գրում է.
Այսօր առավոտից քաղաքացիները սկսել են բոյկոտը տրանսպորտի թանկացման դեմ։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ավտոբուսների մեջ քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել, և տեսնում ենք, որ մեծ մասը բոյկոտում և չի վճարում։ Բայց, արի ու տես, որ կան թոշակառու կանայք, որոնք գոհ են։ Ու հենց այդ գոհ կանանցից մեկին հանդիպել է ՔՊ-ի քարոզչամեքենա հանդիսացող Civic.am-ը, որը մի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է մի կին բարձրանում ավտոբուս և վճարում քարտով։
Civic-ի լրագրողը այդ պահին նրան հարցնում է, թե նորմալ աշխատո՞ւմ է քարտով, և գո՞հ է վճարման նոր համակարգից։ Կինն էլ, բնականաբար, դրական պատասխան է տալիս և ասում է, որ գոհ է, որովհետև թոշակառու է, և գինը հարմար է գալիս։
Իսկ ինչո՞ւ է այս կինը, բնականաբար, գոհ, որովհետև նա պետական ծառայող է։ Մասնավորապես, MediaHub-ի տեղեկություններով՝ տրանսպորտի թանկացումից գոհ այս կինը Նոր Նորքի թաղապետարանի աշխատակից է, անունը՝ Ալլա, ասացին՝ փոստատար է։
Փաստորեն, քաղաքային իշխանությունները ուրիշ մարդ չեն գտել, որ թանկացումից գոհ լինի, և ստիպված հերթական կեղծիքին են դիմել՝ իրենց ենթակա մարմինների աշխատողին համոզել են, որ նստի ավտոբուս, որտեղ իրենց լրագրողն է գտնվում, տեսախցիկի դիմաց քարտով վճարի և լրագրողին էլ անգիր արած տեքստեր ասի, թե շատ գոհ է ամեն ինչից։ Տեսանյութից էլ երևում է, որ «պարապած», նախապես սովորեցրած տեքստեր է ասում սույն տիկինը։
Վահե Մակարյան