
Դատավորները բավարարել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փաստաբանների խնդրանքը՝ չեղարկել կաբինետի ղեկավարի մասնակցությամբ փետրվարի 3-ին, 4-ին եւ 5-ին կայանալիք նիստերը եւ դրանք մեկ շաբաթով հետաձգել ԱՄՆ կատարելիք այցի պատճառով։ Միացյալ Նահանգներում նա նախատեսում է հանդիպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի Kan պետական հեռուստառադիոընկերությունը։
Հունվարի 27-ին, գրեթե մեկ ամսվա ընդմիջումից հետո, Թել Ավիվի շրջանային դատարանը վերսկսել է Նեթանյահուի մասնակցությամբ լսումները կաշառակերության, խարդախության եւ հանրային վստահության խախտման երեք գործերով, որոնցում նա մեղադրվում է։ Միեւնույն ժամանակ, հունվարի 28-ին եւ 29-ին կայանալիք նիստերը չեղարկվել են դատավորներից մեկի հիվանդության պատճառով, նշել է Kan-ը։ Մի քանի շաբաթ առաջ ընդմիջումը պայմանավորված էր Նեթանյահուի առողջական վիճակով։ 2024թ. դեկտեմբերի 29-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ կառավարության ղեկավարը բարեհաջող շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել, որը նրան նշանակել են այն բանից հետո, երբ հայտնաբերել են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա։
Ավելի վաղ Kan-ը հայտնել էր, որ Նեթանյահուն փետրվարի 2-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ փետրվարի 4-ին կհանդիպի Թրամփի հետ։ Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին վարչապետը նախատեսում է վերադառնալ հրեական պետություն։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հունվարի 28-ին հայտնել է նաեւ, որ Թրամփը Նեթանյահուին փետրվարի 4-ին հրավիրել է հանդիպման Սպիտակ տանը։ Գերատեսչությունը նշել է, որ Նեթանյահուն «առաջին օտարերկրյա առաջնորդն է, որը հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում»։