ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է մեկնել Պանամա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Պանամայի ջրանցքի նկատմամբ Վաշինգտոնի վերահսկողությունը հաստատելու անհրաժեշտության մասին հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տեղեկացմամբ՝ պետքդեպարտամենտի նոր ղեկավարի առաջին արտասահմանյան այցը պետք է ընդգծի Պանամայի ջրանցքի վերաբերյալ Թրամփի եւ նրա վարչակազմի հայտարարությունների լրջությունը։
Բացի Պանամայից, Ռուբիոն նախատեսում է իր լատինամերիկյան շրջագայության ընթացքում կանգառներ կատարել Գվատեմալայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոստա Ռիկայում եւ Սալվադորում:
Այս ուղեւորությունը, նշել է գործակալությունը, տարբերվում է առաջին շրջագայության սովորական պրակտիկայից, ըստ որի՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այցելում է իր երկրի առանցքային դաշնակիցներից մեկին։ Նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս պաշտոնում իր առաջին ուղեւորությունը կատարել է Ճապոնիա, իսկ Ռեքս Թիլերսոնը, որը ղեկավարում էր պետդեպարտամենտը 2017-2018թթ. Թրամփի առաջին նախագահական ժամկետում, սկզբում այցելել է Գերմանիա:
Թրամփը հունվարի 20-ին Կոնգրեսում հանդես գալով իր երդմնակալության ուղերձով՝ կրկնել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» իր մտադրությունը։ Նա պնդել է, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «հիմար նվեր էր, որը չպետք է արվեր»: Քաղաքական գործչի խոսքով՝ «Չինաստանը վերահսկում է Պանամայի ջրանցքը»։



