Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել արցախցիների վերադարձի մասին: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի նման մի բան»,- նշեց նա:
«Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,-ասաց Միրզոյանը։
Միրզոյանի պնդմամբ, ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ-ում և որոշակի իրավունքներով օժտված լինի։
«Այս ջանքերը, կարծում եմ, ճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից։ Ինչ-որ առումով նաև այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նախարարը՝ խոսելով Արցախի իշխանությունների մասին: