Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ.
«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23
Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:
Նոր տարվա շեմին ենք լի սպասումներով ու հույսերով, և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև և այս դժվարին իրավիճակում մենք պետք է կարողանանք մեր ազգային ներուժով միաբանվել՝ հայրենիքը հզորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։
Արդարև, Սուրբ Ծննդյան կենսառաք և հոգեզվարթ ավետիսը Հայաստանի և աշխարհի համար սուր մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առանձնակի գոտեպնդում և մխիթարություն է բերում մեզ՝ իբրև հույս մշտանորոգ լույսի, արդարության և հավերժական կյանքի ժառանգման:
Առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը:
Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:
Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին:
Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորություն ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում:
Սիրելի՛ հավատացյալներ,
Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:
Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։