168.am-ը գրում է․
Հայաստանում տարբեր մարզեր ու գյուղեր ունեն Ամանորը նշելու իրենց ավանդույթներն ու սովորույթները, որոնք փորձում են պահպանել։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հնուց եկած ավանդույթ կա, որ դեկտեմբերի 31-ից առաջ որևէ օր նախ ամբողջ գյուղում հավաքվեն, նշեն Ամանորը, իսկ դեկտեմբերի 31-ին յուրաքանչյուրն իր տանը սեղան բացի ու հյուրասիրի արդեն տուն եկած հյուրերին՝ հարևաններին, հարազատներին։
Շուռնուխի վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանի խոսքով՝ այս ավանդույթն իրենց նախնիներն են պահպանել ու փոխանցել իրենց, իրենք էլ պետք է պահպանեն ու փոխանցեն գալիք սերունդներին։
«Մեծ սեղաններ ենք գցել, հյուրասիրել ենք ժողովրդին, «բարի մաման» եկել ու երեխաներին նվեր է բաժանել, այսինքն՝ ամբողջական նշել ենք։
Հունվարի 1-ին արդեն ամեն մեկն իր տանը սեղան է գցում, ընդունում հյուրերի, հյուրասիրում։ Նշում ենք, էլի, մենք մեզանով։ Այդպիսի հատուկ ամանորյա ուտեստ չկա, որը միայն մեր գյուղին է հատուկ, մենք էլ մյուսների նման սեղանին դնում ենք խոզի խորոված ու գառան խաշլամա։ Մեր բնակիչներն Ամանորի համար հատուկ պահում են և՛ գառ, և՛ խոզ։ Դե, ամանորյա առևտուրն էլ մարդիկ Գորիսից են անում, այս պահին էլ շատերը գնացել են այնտեղ առևտուր անելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Դարբինյանը։
Նրա խոսքով՝ ուզած թե չուզած, ամանորյա տրամադրություն արդեն գյուղում կա, իսկ ամենաշատն ուրախանում են մանուկները։
«Ես ուզում եմ, որ 2025 թվականին մեր երկրի համար խաղաղ տարի կլինի, հույս ունենք, որ լավ կլինի, ու ինչ կորցրել ենք՝ հետ կբերենք։
Իսկ գլխավոր բարեմաղթանքս այն է, որ մեր տարածքները մեր ձեռքին լինեն, թուրքը մեր գյուղում չլինի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի բարենպաստ դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, Սյունիքի Շուռնուխ գյուղը բաժանվել է երկու հատվածի։ Գյուղի մի հատվածը՝ 13 տներով, անցավ թշնամու հսկողության տակ, թշնամին սկսեց այդ հատվածում դիրքեր տեղադրել։