Armenpress.am-ը գրում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։
«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր երկրում ժողովրդավարությունը, որպես ինստիտուտ, ևս մի քայլով ամրացնում է»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության քննադատությանը՝ կապված Հայաստանի ժողովրդավարական ընթացքի և բարեփոխումների օրակարգի հետ։
«Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից և վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այդ հարցերի բոլոր պատասխաններն ունենք։ Առաջիկայում տարբեր ձևաչափերով ես այս հարցերին կանդրադառնամ։ Կարող եմ մի բան ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (առաջին փորձից հետո առավել ևս) տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամպրապնդենք և կկիրառենք։ Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծել, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը։