Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն դեկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակներում Բերսեն կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, նորընտիր նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։

Հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԽ գլխավոր քարտուղարի այցն առաջինն է եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչների շրջանում։

Վրաստանում ընդդիմությունը չի ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ցույցեր։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններ վարելու հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։ Դեկտեմբերի 14-ին Վրաստանի նախագահ ընտրվեց Միխեիլ Ղավելաշվիլին։ Առաջին անգամ նախագահական ընտրությունները հանրապետությունում անցկացվեցին ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 անդամից բաղկացած ընտրիչների կոլեգիայի միջոցով։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք գործող իշխանություններին համարում են ոչ լեգիտիմ, ընտրություններին չեն մասնակցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել