ԵՄ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները կմեկնեն Դամասկոս՝ շփումներ հաստատելու Սիրիայի նոր ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ։
«Ես եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին հանձնարարել եմ մեկնել Դամասկոս՝ նոր կառավարության հետ կապ հաստատելու համար», – Կալասի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Նախ մենք պետք է որոշենք, թե ինչ մակարդակով կշփվենք սիրիական նոր ղեկավարության հետ, և ինչ քայլեր ենք ուզում ձեռնարկել նրանց հետ հարաբերություններ հաստատելու համար։ Մեզ համար կարևոր են ոչ միայն նրանց խոսքերը, այլև արարքները», – ասել է Կալասը՝ պատասխանելով սիրիական մի շարք խմբավորումներ ահաբեկիչների ցուցակից հանելու հնարավորության մասին հարցին։
Կալասի խոսքով՝ «առաջիկա շաբաթներն ու ամիսները ցույց կտան, թե արդյոք նրանք ճիշտ ուղղությամբ են շարժվում, և այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք քննարկել հետագա քայլերը»:
Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։