Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անդրադարձավ օդի աղտոտվածության խնդրին:
Նա հիշեցրեց՝ նախընտրական ծրագրում խոստում էին տվել, որ պետք է ամբողջ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը չափող համապատասխան սարքեր տեղադրվեն: Ավինյանի խոսքով՝ դրանք արդեն տեղադրված են և փաստացի քաղաքապետարանի կայքում առցանց ռեժիմով հասանելի է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը:
Ավինայնի խոսքով՝ ձմռան ամիսներին, մասնավորապես, այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ:
«Օդի որակի մարդածին աղտոտվածության մասով Երևանի քաղաքապետարանը վստահաբար ունի անելիք: Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, որը կներկայացվի մոտավորապես երկու ամիս հետո, ընդհանուր կոնցեպտուալ, թե Երևանի քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Երևան քաղաքում օդի որակի բարելավման ուղղությամբ»,- ասաց նա:
Ըստ քաղաքապետի՝ այդ քառամյա ծրագիրը պետք է ներառի ամենապարզ մեթոդները, օրինակ՝ ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, ինչպես նաև որոշակի սահմանափակումները:
«Օրինակ՝ արդեն իսկ կարելի է սահմանափակել ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք իրենց հետևից մի կիլոմետրանոց ծուխ են թողնում և մեծ աղտոտիչներ են։ Եվ կարծում՝ եմ այս քառամյա ծրագրում մենք համապարփակ, բոլոր հնարավոր կետերով պետք է անդրադարձ ունենանք, բոլոր հնարավոր այն տեղերում, որտեղ Երևանի քաղաքապետարանն ունի հնարավորություն և լիազորություն գործուն քայլեր իրականացնելու: Խնդրում եմ երկու ամիս հետո այս քառամյա ծրագիրը ներկայացնել այս դահլիճում»,- ասաց նա: