168.am-ը գրում է․

2024 թվականին աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 68 լրագրող և մեդիագործիչ, տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Նրանց 60 տոկոսը սպանվել է հակամարտությունների գոտիներում, ինչը վերջին տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի լրատվական ծառայությունը։

«Հակամարտությունների պայմաններում ճշգրիտ և հավաստի տեղեկատվությունը կարևոր է՝ աջակցելու համար տուժած բնակչությանը և տեղեկացնելու համար միջազգային հանրությանը։ Անթույլատրելի է, որ լրագրողները իրենց աշխատանքի համար վճարեն իրենց կյանքով։ Կոչ եմ անում բոլոր պետություններին միջոցներ ձեռնարկել և պաշտպանել լրագրողների անվտանգությունը՝ միջազգային իրավունքի համաձայն», – հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։

Պարզաբանվել է, որ 2024 թվականին հակամարտությունների գոտիներում արձանագրվել է լրագրողների 42 սպանություն։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Պաղեստինում՝ 18 դեպք, որին հաջորդում են Ուկրաինան և Կոլումբիան՝ 4-ական դեպքով։

3-ական դեպք գրանցվել է Իրաքում, Լիբանանում, Մյանմայում և Սուդանում։ Միայն մեկական դեպք է արձանագրվել Սիրիայում, Չադում, Սոմալիում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այս տվյալները հաստատում են 2023 թվականին նկատված վտանգավոր միտումը. վերջին երկու տարիների ընթացքում հակամարտությունների գոտիներում սպանված լրագրողների թիվն ամենաբարձրը եղել է 2016-2017 թվականների համեմատ։2024 թվականին լրագրողների ընդհանուր սպանությունների թիվը կազմել է 68, ինչը ավելի քիչ է 2023 թվականի (74 դեպք) և 2022 թվականի (88 դեպք) համեմատ։ Սպանությունների նվազման հիմնական պատճառն այն է, որ հակամարտություններից դուրս գտնվող երկրներում սպանությունների թիվը հասել է վերջին 16 տարվա ամենացածր ցուցանիշին՝ 26 դեպք։Սա կարող է վկայել այն մասին, որ որոշ երկրներում, որոնք հակամարտությունների գոտիներ չեն, որոշակի առաջընթաց է գրանցվել լրագրողների դեմ հարձակումների կանխման ուղղությամբ։ Հատկապես նկատելի է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում սպանությունների նվազումը. 2024 թվականին գրանցվել է 12 դեպք՝ 2023 թվականի 18-ի և 2022 թվականի 43-ի համեմատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել