168.am-ը գրում է․

«Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են՝ թող որոշեն». Նիկոլ Փաշինյանն օրերս արված այս հայտարարությամբ, ըստ էության, անհնար համարեց Հայաստանի վերադարձը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ընդգծելով, որ անդառնալիության կետն արդեն անցել են։

Նա այս հայտարարությունն արեց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արած պնդմանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել 2020-ի Արցախյան պատերազմին, քանի որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չէր:

«Ամենայն հարգանքով Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահի նկատմամբ՝ մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին, էս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»,- ընդգծեց Փաշինյանը, ապա անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած խնդրի էությանը, բացատրեց, որ դա ամենևին կապ չուներ Ղարաբաղի հարցի հետ։

Ըստ նրա՝ 2021-ին և 2022-ին հենց Հայաստանի՛ նկատմամբ է եղել ագրեսիա, տարածքային ոտնձգություններ, իսկ ՀԱՊԿ-ից ասել են, թե սահմանը ոնց որ դելիմիտացված չէ։

Ռազմական փորձագետ, վերլուծաբան Դավիթ Ջամալյանն այս իրավիճակում այսպիսի հռետորաբանությունը վտանգավոր է համարում։

«Ֆիքսենք հանգամանքը, որ մոտավորապես 10 տոկոս վարկանիշ ունեցող մեկը, որը բարոյահոգեբանորեն կայուն հասարակությունում կընկալվեր իբրև մարգինալ մեկը, և որևէ շանս չէր ունենա հասնելու պետական կառավարման ղեկին, իրեն իրավունք է վերապահում մեր երկրի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, Սյունիքն ու Վայոց ձորը կորցնելու առարկայական վտանգի ֆոնին, իրեն թույլ տալ այնպիսի հռետորաբանություն ու հստակ քաղաքական կուրս, որն ուղղակի աղետ է դառնալու մեր պետականության համար,- 168am-ի հետ զրույցում շեշտեց Դավիթ Ջամալյանը՝ պարզաբանելով,- Այնպես չէ, որ մեր անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխիքը եղել է ՀԱՊԿ-ը․ ավանդաբար, մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ եղել է հետևյալը՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հավելյալ երաշխիք է։ Հիմա, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ՀԱՊԿ-ը մեզ համար հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ձևաչափերից մեկն է»:

Վերջինը, ըստ փորձագետի, ենթադրում է, որ ստեղծվել են այնպիսի գործիքակազմեր, որոնք թույլ են տվել հնարավորինս կանխատեսելի դարձնել պոտենցիալ վտանգների ժամանակ հայ-ռուսական համատեղ արձագանքը։

«Ոչ ոք Հայաստանում պատրանքներ չի տածել, թե վտանգի պահին Բելառուսը, ՀԱՊԿ միջինասիական հատվածը գալու է մեզ թևութիկունք լինելու․ մեզ համար խնդիրը եղել է նախևառաջ՝ ապահովել մեր զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ՝ մատչելի գներով, իսկ որոշ դեպքերում նաև՝ անվճար»,- հավելեց նա։

Դավիթ Ջամալյանը հիշեցրեց՝ 2022 թվականի վերջին ՀԱՊԿ-ը Հայաստանին հենց նման օգնության փաթեթ էր առաջարկում, սակայն, ըստ նրա, գործող իշխանությունները, հետևելով իրենց տերերի ուղենշած հակառուսական կուրսին, մերժել են այդ փաթեթը՝ պատճառաբանելով, թե ՀԱՊԿ-ը չի դատարապարտում Ադրբեջանին, և չի ճանաչում Ադրբեջանին ագրեսոր երկիր։

«Ինչ-որ ձևակերպման բացակայության պատրվակով՝ կապիտուլյանտական ռեժիմը հրաժարվեց փաստացի, ռեալ ռազմական օգնությունից, և հիմա հարց է ծագում՝ արդյո՞ք Ֆրանսիան, որի հետ փորձում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել, Ադրբեջանին ճանաչել է իբրև ագրեսոր, կամ՝ արդյո՞ք Հնդկաստանը, որի հետ հիմա իրենք հարաճուն տեմպերով ռազմատեխնիկական գործակցություն են ծավալում, ճանաչել է Ադրբեջանն իբրև ագրեսոր։

Հետևաբար, մենք գործ ունենք հայոց պետականության դեմ գործող խամաճիկային, թուրք-բրիտանական տանդեմից կրիտիկական կախվածություն ունեցող մի հանցավոր խմբակի հետ, որի ընկալումները հայոց պետականության, այդ պետականության հեռանկարների վերաբերյալ այլասերվել են արևմտյան ամենատարբեր պրոյեկտներում մասնակցելու հետևանքով»,- մանրամասնեց ռազմական փորձագետը։

Նա համոզում հայտնեց, որ ՀԱՊԿ-ն այսօր էլ, այլ իշխանության պարագայում, կարող է աջակցել Հայաստանին։

«ՀԱՊԿ ասելով՝ մենք պետք է հասկանանք առաջին հերթին Ռուսաստանը։ Եթե նորմալ իշխանություն լինի, նախևառաջ կլինեն ինտենսիվ և անխափան մատակարարումներ, որպեսզի զինված ուժերի սպառսզինությունների զինանոցը համալրվի։

Այսօր միակ երկիրը, որ կարող է փոխարինել Ռուսաստանին սպառազինությունների համալրման առումով, այն էլ՝ ոչ լիարժեքորեն, Իրանն է, որը դարձյալ կենսականորեն շահագրգռված է առնվազն Սյունիքի հայապատկանությամբ և «Զանգեզուրի կորիդոր» կոչված բրիտանաթուրքական պրոյեկտի տապալմամբ։ Բայց քանի որ առկա է կրիտիկական կախվածություն Արևմուտքից, այս իշխանությունն Իրանի հետ չի գնում այն համագործակցության ծավալներին, որը կարող էր կոմպենսացնել ՀԱՊԿ-ից մեր հրաժարվելը»,- նկատեց Դավիթ Ջամալյանը։

Այս համատեքստում ռազմական փորձագետն արձանագրեց նաև, որ ուկրաինական կոնֆլիկտը հուշում է՝ պատերազմների ժամանակ զենքն ավելորդ չի լինում, հետևաբար՝ ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե գործեն համագործակցությունները հակադրելու տրամաբանությամբ, այլ համադրելու։

«Ռազմական տեխնիկայի այն ծավալները, որ խժռում է պատերազմը, որևէ երկրի ռազմական արդյունաբերական պոտենցիալը լրացնել չի կարող։ Օրինակ, Ռուսաստանը վերջին տարիներին բազմապատկել է իր ռազմարդյունաբերական համալիրի հզորությունները, ռուսական տնտեսությունը տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա, բայց, զուգահեռաբար, Հյուսիսային Կորեայից է ռուսական կողմը ներկրում հրետանային միջոցներ, արկեր և այլն։

Ավելին ասեմ՝ երեկ արևմտյան մի հեղինակի հրապարակման մեջ նշվում էր, որ Ֆրանսիայի ԶՈՒ զինանոցում ընդամենը 2 ամսվա սպառազինություն է մնացել։ Ինձ հետաքրքիր է, եթե էս ողորմելիների հույսն ու հավատը Ֆրանսիան է, մենք այդ հույսով Սյունիք պահող ե՞նք, էլ չասած՝ այդ ֆրանսիական զենքը մինչև գա-հասնի տեղ, սահմանափակ ծավալներով, էլ չասած, որ այդ զենքի տեղափոխման միակ ճանապարհը Վրաստանն է, որը 2020 թվականին օդը փակել էր։

Այժմ եթե վրացական իշխանությունները, որոնք օր օրի ավելի ճգնաժամային հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, որտեղ Թուրքիայի ազդեցությունը մնում է մեծ, էլի որոշի օդը փակել, այդ ֆրանսիական զենքն ինչպե՞ս է տեղ հասնելու»,- ասաց փորձագետը։

Հենց այս իրողությունների շրջանակում նա դիտարկումներ արեց նաև Հնդկաստանի հետ համագործակցությանը՝ նախ արձանագրելով, որ այն ՀԱՊԿ-ից ձեռք բերվող սպառազինության համեմատությամբ առավել թանկ է, հետևաբար՝ բյուջեի միջոցների վատնում, ապա նաև, որ որևէ նորմալ երկրում պատերազմից 5 րոպե առաջ կտրուկ անցում չեն անում նոր հրետանային համակարգի չափանիշներին։

«Այս ամբողջ փուչ ակտիվությունը՝ ՀԱՊԿ-ին փոխարինող գտնելու համար, մեծագույն ռիսկեր է ստեղծում մեր անվտանգության համար․ բուն պատերազմի պահին մենք սպառազինության և հատկապես ռազմամթերքի խնդիր ենք ունենալու»,- շեշտեց նա։։

Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ ՀԱՊԿ-ը սեպտեմբերյան պատերազմի օրերին համարժեք չի արձագանքել, նաև մեջբերում են Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը, որով ՌԴ նախագահը նաև շեշտում էր, թե ՀՀ-ի հանդեպ արտաքին ագրեսիա տեղի չունեցել, Դավիթ Ջամալյանն արձագանքեց․ «Եթե Պուտինի հայտարարության մեջ մի անընդունելի կետ կա, այն է, որ ասել է, թե ՀՀ-ն չի ենթարկվել ագրեսիայի։

Բայց սրանք կոնտեքստից կտրում են խոսքը և իրենց հակառուսական հիստերիայում փորձում օգտագործել։ Պուտինն ասում է նաև, որ՝ դուք չճանաչեցիք Արցախի անկախությունը, հետևաբար՝ ՀԱՊԿ միջամտությունն Արցախում դարձավ իրավական առումով անհնարին․ դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ դուք պետք է ճանաչեիք Արցախի անկախությունն ագրեսիայի պահին։

Մինչ խառնամբոխի իշխանության գալը՝ շատ հստակ էր․ եթե Ադրբեջանը գնա լայնամասշտաբ պատերազմի, ՀՀ-ն ճանաչում է Արցախի անկախությունը, ստեղծվում է լեգիտիմ հիմք, որպեսզի ռուսական կողմը միջամտի։ Այդ դեպքում Արցախը մնում էր հայապատկան, շփման գծում կանգնում էին ռուսական ուժերը՝ խաղաղապահի կարգավիճակով։ Սրանք չեն գնացել այս սխեմային։

Այո, իհարկե, 100 տոկոսով չէ, որ որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարող է մեզ համար շահեկան լինել, այո՛, ռուսական այս կամ այն դիրքորոշումը մեզ համար կարող է լինել անընդունելի»։

Վերջինի առնչությամբ նա համոզում հայտնեց, թե ՌԴ նախագահն իր ձևակերպմամբ նկատի է ունեցել, որ Գեղարքունիքում ու Սյունիքում կատարվածն այն ծավալի ագրեսիա չի եղել, ինչ Արցախում, և իրենց կողմից ընկալվել է՝ որպես սահմանային միջադեպեր:

«Բայց անգամ այս դեպքում Հայաստանը ղեկավարողները չեն դիմել ՀԱՊԿ-ին ռազմական անհապաղ օգնության խնդրանքով, այսինքն՝ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 4-րդ կետով, այլ դիմել են 2-րդ կետով, ինչը ենթադրում է խորհրդակցություն, խորհրդատվություն և այլն։

Չես դիմել, դրա համար այդ աղետալի հետևանքները եղան, լավ, անգամ այդ 4-րդ կետն էլ մի կողմ, չէ՞ որ ռուսներն առաջարկել են տարբեր ձևերով ռեալ օգնություն»,- ամփոփեց Դավթ Ջամալյանը՝ հիշեցնելով տեղեկությունները, որ ռուսական կողմից առաջարկներ են եղել կամավորականներ ուղարկելու տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել