168.am-ը գրում է.
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը: ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:
Այսինքն, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:
Ըստ այդմ, Բանակի կերպափոխման հայեցակարգում առաջարկվում է ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում, ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում, հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում, զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում և այլն:
168.am-ն անդրադարձել է Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարության մշակած Բանակի կերպափոխման հայեցակարգին` ընդգծելով, որ այն չի հստակեցնում Հայաստանի դեմ սպառնալիքները, դրանց ուղղություններն ու երկրները, նաև չի ենթադրում սանձահարման/զսպման հստակ համակարգ։
Նշված թեմայի շուրջ և ոչ միայն 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– Նախ՝ այդ հայեցակարգի ընդունմանը չի նախորդել մասնագիտական, ինչո՞ւ չէ, նաև՝ քաղաքացիական հասարակության ոլորտային մասնագետների ակտիվ քննակումներ տարբեր ֆորմատներով: Եվ պաշտպանության նախարարությունն իր պատկերացումների շրջանակում հայեցակարգ է հրապարակել: Սա՝ առաջին: Երկրորդ, ինչ վերաբերում է նոր պատերազմներին կամ ժամանակակից պատերազմի պայմաններում նախկին մեթոդներին, մարտի վարման կանոններին, ղեկավարման փոփոխություններին, անշուշտ, դժվար է որևէ ձևով բացառել, որ ցանկացած ժամանակահատված իր հետ բերում է նոր փոփոխություններ, նոր սպառնալիքներ և մոտեցումներ, և, բնականաբար, յուրաքանչյուր երկիր, հատկապես՝ պատերազմի մեջ գտնվող երկրները, պետք է իրենց զինված ուժերն արագ ադապտացնեն: Բայց տպավորություն կա, որ 2020թ. 44-օրյա պատերազմը, Հայաստանի նկատմամբ 2021, 2022 թվականի ադրբեջանական հարձակումները, ՀՀ իշխանությունները փորձում են արդարացնել նրանով, թե իբր բանակում գործել են ոչ ժամանակակից մոտեցումներ, և դա է պատճառը, որ փաստացի ունենք այն, ինչ ունենք՝ օկուպացված ՀՀ տարածքներ, զավթված Արցախ և այլն:
Կրկնում եմ, իհարկե, ժամանակակից պատերազմները և անգամ վերջին 4 տարվա պատերազմները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը, դրա վարման ձևերը, կիրառվող զինատեսակները ցույց տվեցին, որ իսկապես բավականին փոփոխության կարիք կա: Սակայն հայեցակարգը որքան էլ որոշակի սահմանում է, թե ո՞ր ուղղություններով պետք է շարժվել, դրանով որևէ ձևով ուրվագծված չեն այն նոր մեթոդները, որոնք պետք է արտացոլված լինեն ԶՈՒ նոր մոդելում, այսինքն՝ մոդելային, խորքային առաջնահերթությունները սահմանված չեն, իսկ այն, ինչ սահմանված է, ցանկացած մոդելի դեպքում էլ կարող են առաջնահերթություն լինել։ Իհարկե, կան սահմանված ուղղություններ, որոնք ՆԱՏՕ-ական բանակին համապատասխանող չափանիշներ են ենթադրում, բայց մեկ բան է սահմանումը, մեկ այլ՝ իրագործումը, տեղայնացումը հայկական զինված ուժերում, ինչպես դրանք գործում են ՆԱՏՕ-ական երկրների բանակներում:
– Այսօր շեշտը դրվում է ինժեներական կառույցների վրա, որի հետ կապված վերապահումներ ունեն և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Մովսես Հակոբյանը: Մյուս կողմից, դիրքային մարտերի ժամանակներն անցնում են, և դասական առաջնագիծը, ստատիկ պաշտպանությունը պիտի փոխարինվի տեխնիկական նոր միջոցներով, որի մասին խոսվում է, բայց ամրոցներն իրենց ձևի մեջ էլի ստատիկ պաշտպանություն են: Ի՞նչ է պետք ՀՀ-ին այսօրվա ժամանակակից պատերազմների պարագայում և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի պայմաններում:
– Ամրաշինական կառույցների ստեղծումը մի կողմից՝ պետք է հնարավորություն ստեղծի պաշտպանական մարտերի համար, մյուս կողմից՝ հակահարձակողական և հարձակողական: Բայց ինժեներական այդ ողջ կառույցները՝ իրենց ամրաշինական էլեմենտներով, պետք է լինեն ընդհանուր համակարգի մաս, իրար հետ փոխկապակցված, համակցված, և միայն դրա ամբողջությունը հնարավորություն կտա տարբեր իրադրության պայմաններում արդյունավետ մարտ վարել:
Հիմա մի կողմից անհասկանալի է, թե ինչու է դրոշակ դարձվում առաջնագծում և դրանից դուրս մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների համար անհրաժեշտ տարբեր կառույցների ստեղծումը։ Ի վերջո, երբ խոսում ենք մարտական խնդիրների մասին, դրանք ենթադրում են ամրաշինական կառույցներ, ինչի իրականացումը ԶՈՒ գործունեության մի մասն է կազմում: Եվ ցույց տալ, որ իշխանությունը միջոցներ է հատկացնում ամրաշինական կառույցների համար և դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ՝ տարակուսելի է:
Կամ՝ չկան էական փոփոխություններ, որոնք իշխանությունները կարող են ներկայացնել, և հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ առհասարակ առաջնագծում, երկրորդ գծում կան ամրաշինական կառույցներ: Այս ամենը գովազդային արշավ է հիշեցնում, ընդ որում, այնտեղ հիմնականում տարվում են անձինք, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք կայացել են իրենց ոլորտներում, կարող են վերլուծություններ անել, բայց դրանք խիստ մասնագիտական կառույցներ են, և դրանց կարևորությունը, արդյունավետությունը, ընդհանուր համակարգի մաս կազմելը կարող են գնահատել միայն նեղ մասնագետները:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/11/18/2128179.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել