ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով պարեկային ծառայողներին տեսնելուն պես ձեռքերից հանել է ձեռնոցները և նետել գետնին: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը, ապա նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը իր մոտ առկա վահանակի և գունավոր փչովի ներկի միջոցով Երևան քաղաքի Արմենուհի Տիգրանյան 12/3 հասցեում գտնվող պարսպի վրա վերարտադրել է տարատեսակ թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային հարթակի վերաբերյալ տեղեկություններ՝ նպատակ ունենալով անձանց շրջանում առաջացնել հետաքրքրություն թմրամիջոցների, դրանց տեսակների, արժեքների և ձեռքբերման եղանակների նկատմամբ՝ այդ կերպ, իրացնելու նպատակով, գովազդելով թմրամիջոցներ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ զննվել է տելեգրամյան այն ալիքը, որի հասցեն վերոհիշյալ անձը գրել է դեպքի վայրում գտնվող պարսպի պատին. քննությամբ փաստվել է, որ հիշյալ հասցեով գրանցված տելեգրամյան էջի՝ առայժմ անհայտ օգտատերը (օգտատերերը) զբաղվում է թմրանյութերի վաճառքով՝ նշելով թմրանյութի տեսակը, քաշը և գինը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են թիթեղյա վահանակ՝ կապույտ գույնի ներկով ներկված հիշյալ էջի տվյալների գրառմամբ, փչովի ներկի տարա, ձեռնոց՝ կապույտ ներկանման հետքերով, իսկ դեպքի վայրում առկա պարսպի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նույն ներկով արված գրառումներ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է մասնակիորեն. դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք:

 Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված տելեգրամյան ալիքի օգտատիրոջ ինքնությունը, ինչպես նաև գովազդվող թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Քննչական կոմիտեն հերթական անգամ տեղեկացնում և զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։

Նման հանցավոր արարքի կատարման համար որպես պատիժ նախատեսվում է նվազագույնը ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով։ Ուստի՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ նման արարք կատարելուց։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել