Պետությունը հաջորդ տարի 12.3 մլրդ կհատկացնի՝ նոր բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կառուցման, ընթացքի մեջ գտնվող շինարարությունների շարունակության ու ավարտման համար:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12.3 մլրդ դրամ, որն ուղղվել է թվով 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանն ու վերազինմանը, թվով 4 նոր կենտրոնների կառուցմանը, որոնք են՝ Վարդենիսի ԲԿ-ն, Սպիտակի ԲԿ-ն, Ջերմուկի առողջության կենտրոնը, Արթիկի ԲԿ-ն, թվով 8 պոլիկլինիկաների կառուցմանը և մեկի վերակառուցմանը»,-ասաց Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ դեպքերում որոշում է կայացրել զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերն անգամ վերակառուցման արդյունքում չեն բավարարում նոր մոտեցումներին:
Հաջորդ տարի կմեկնարկի նաև 19 ամբուլատորիաների շինարարությունը՝ լրիվ նոր կոնցեպտով կազմված տիպային նախագծերով: Հաջորդ 30-ի հողահատկացման և տեղակայման գործընթացներն ավարտելուն պես դրանց շինարարությունը ևս կսկսի: