168.am-ը գրում է․

Պաշտոնական Փարիզը շարունակում է իր գաղութատիրական քաղաքականությունը` «ճնշել», «թալանել», «սպանել» գաղութների բնակչությանը, այսօր COP29 կլիմայական կոնֆերանսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քննադատելով Ֆրանսիային։

«Փարիզի հանցագործություններն այդքանով չեն սահմանափակվում, եթե չհիշենք նախագահ Մակրոնի ռեժիմի հանցագործությունները, որը Նոր Կալեդոնիայում օրինական բողոքի ցույցերի ավելի քան 100 մասնակիցների սպանեց և ավելի քան հազար մարդ ձերբակալեց», – պնդել է Ալիևը։

Ֆրանսիայի կառավարությունը Բաքվին է մեղադրել Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ։ Մի շարք անկախ հետաքննություններ ևս փաստել են, որ սոցիալական ցանցերում Ալիևի կուսակիցներն են ներգրաված եղել համակարգված ապատեղեկատվության քարոզարշավում՝ տարածելով կեղծ, մոլորեցնող լուսանկարներ և տեսանյութեր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։

«Այսքանից հետո Ֆրանսիան չմեղադրվեց ո՛չ Եվրահանձնաժողովի, ո՛չ Եվրախորհրդարանի, ո՛չ Եվրախորհրդի կողմից։ Սա քաղաքական կեղծավորություն է։ Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշներ են», – հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, որն, ինչպես պարզել էին լրատվամիջոցներն, անցած տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան ազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի բազմաթիվ պատգամավորների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին։

«Ի՞նչ կարելի է սպասել Եվրախորհրդարանից և ԵԽԽՎ-ից, եթե Եվրոպայի առաջատար դիվանագետ Ժոզեպ Բորելը Եվրոպան անվանել է պարտեզ, իսկ աշխարհի մյուս մասը՝ ջունգլի։ Դե, եթե մենք ջունգլիներ ենք, ուրեմն մի կողմ քաշվեք և մի խառնվեք մեր ներքին գործերին»,- պնդել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել