Վրաստանը բաց է թողել հնարավորությունը, սակայն պետք է եվրոպացի ընկերների օգնությամբ վերագտնի այն. այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ ութ երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշել է նախագահը, «նրանց ժամանումը եվրոպական աջակցության ևս մեկ նշան է»։
«Եվրոպան մեզ չի հուսահատեցնում և շարունակում է հավատալ Վրաստանին և Վրաստանի եվրոպականությանը, Վրաստանի ժողովրդի եվրոպականությանը, ինչը բազմիցս արտահայտվել է այս 33 տարիների ընթացքում… Կառավարության շեղումը ցանկացած ժողովրդավարական սկզբունքներից միշտ բողոքի տեղիք է տվել այս երկրում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով, «վրացական հասարակությունն իսկապես եվրոպական է, թեև երկիրը չունի ժողովրդավարական իշխանություն»:
«Սա մի երկիր է, որտեղ հասարակությունն իսկապես եվրոպական է, այն ժողովրդավարական է, բայց, ցավոք, չունի ժողովրդավարական կառավարություն: Այն ունի միակուսակցական իշխանություն, որը տիրացել է այս երկրի գրեթե բոլոր ինստիտուտներին, և մենք նման արդյունքներ ենք ստացել այս ընտրություններում… Ճգնաժամն ակնհայտ է. մեր ընկերներն այստեղ են, որպեսզի միասին աշխատենք՝ գտնելու ուղիներ՝ Վրաստանը դուրս բերելու այս ճգնաժամից»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը հավելել է, որ իրենք «արդար ճանապարհով կվերադառնան նոր ընտրություններին, որպեսզի երբ ժամանակը գա, Վրաստանն ունենա լեգիտիմ խորհրդարան, օրինական կառավարություն և լեգիտիմ նոր նախագահ»։
«Սա մեր ճանապարհն է։ Մեր ճանապարհը կայունության, ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհն է։ Վրաստանն այլ ճանապարհ չունի. մեր ընկերները, որոնք այստեղ մեզ հետ են, խորապես համոզված են դրանում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։