«ArmSat-1» արբանյակի հետ կապված, որևէ աղմկահարույց տեղեկատվության ես չեմ տիրապետում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Մեկ հոդված է աչքովս ընկել՝ կապված միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարների հետ, դա իհարկե ծիծաղ է: Ես գնահատականներ տալ չեմ կարող, որ ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ արբանյակը տիեզերք ուղարկելու համար տրամադրված գումարներն արդյոք արդարացված են եղել, նախարարը ասաց. ««ArmSat-1»-ը տիեզերք ուղարկելով՝ խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծելու։
Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է տարբերակ՝ արբանյակ ունենալ: Արբանյակը տեսալուսանկարահանող արբանյակ է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ ոչ միայն ունենալ արբանյակ, այլև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, որն ապագայի մեջ ներդրում է, և ես կարող եմ ասել, որ այսօրվանից մենք, մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «ArmSat-1» արբանյակի կառավարումը։
Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ, կոնկրետ լուծաչափերով։ Այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող արբանյակների տեսալուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի:
Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր, ընդհանրապես, տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծիրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու: «ArmSat-1» արբանյակը հենց այս հիմնավորմամբ ենք հանրությանը ներկայացրել: Բայց ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած, լրջագույն մանիպուլյացիաներ են և անհրաժեշտ է սրա հետևից գնալ»,- ասաց նա։
Հայրապետյանը նշեց, որ արբանյակը նորմալ գործում է: «Արբանյակը շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում, այս պահի դրությամբ անում է լուսանկարներ, արբանյակը չգործելու, կամ արբանյակը գոյություն չունենալու մասին ես տեղեկատվություն չունեմ, ավելին, երեկ նույնիսկ տեսել եմ լուսանկարներ, երեկ արված լուսանկարներ:
Եթե հանրությունը հարկ կհամարի, մենք նաև կարող ենք որոշակի լուսանկարներ հանրայնացնել: Սա իհարկե չի նշանակում, որ կարող է վեց ամսից արբանյակը չընկնել կամ երկու տարուց արբանյակը չընկնել, որովհետև տիեզերքն այնքան պարզունակ չէ: Շատ և շատ երկրների արբանյակներ ժամկետից շուտ են ընկնում կամ մի քանի տարի ավելի երկար են մնում տարբեր ուղեծիրներում։ Նման գնահատական, որ երկու ամսից կարող է արբանյակն ընկնել, մենք չունենք, բայց մի օր ընկնելու է ինչպես բոլոր արբանյակները: Ես կարող եմ ընդամենը ասել, թե այս պահին գործում է արդյոք արբանյակը, թե ոչ»,- ասաց Հայրապետյանը: