Հայաստանի կառավարությունը հրապարակել է նախագիծ, որով նախատեսվում է հանրության գերակա շահ ճանաչել Սյունիքի մարզի որոշ հողամասեր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցման համար։
ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Այս որոշումը նպատակ ունի օժանդակել ճանապարհի կառուցման ծրագրին, որն առանցքային է Հայաստանի տրանսպորտային կապերի բարելավման և ռազմավարական նպատակների իրականացման համար։
Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ այս հատվածում կկառուցվեն 27 կամուրջներ և 9 թունելներ, որոնց թվում է նաև Բարգուշատի թունելը՝ շուրջ 8.65 կմ երկարությամբ։ Նոր ճանապարհահատվածը նախատեսվում է կահավորել անվտանգության համակարգերով, ինչպես նաև ունենալ առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ներառյալ օդափոխման և հակահրդեհային համակարգեր։
Ճանապարհի կառուցումը, որը կկրճատի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, կնպաստի երթևեկության արագության և հարմարավետության բարձրացմանը՝ միջին արագությունը 50 կմ/ժ-ից հասցնելով 100 կմ/ժ-ի։ Բացի այդ, ճանապարհը կնպաստի տարածաշրջանում առևտրի զարգացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը և զբոսաշրջության խթանմանը։
Որոշման շրջանակներում կադաստրային քարտեզներում կատարված փոփոխությունների արդյունքում որոշ հողամասերի օտարման գործընթացները վերակազմակերպվում են։ Ըստ նախագծի՝ օտարման գործընթացը պետք է ավարտվի 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։
Այս նախագծի ընդունումը թույլ կտա արագացնել հողերի օտարման գործընթացը և ապահովել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի բնականոն ընթացքը։