12:09
Համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ:
Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
11:44
ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն նախագահ է հայտարարել: Նա այս մասին ասել է Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին, գրում է cnbc.com-ը:
«Մենք պատրաստվում ենք օգնել մեր երկրին ապաքինվել: Մենք պատրաստվում ենք մեր երկրի վերաբերյալ ամեն ինչ շտկել: Այս երեկո մենք պատմություն կերտեցինք: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարաշրջանը», - ասել է Թրամփը Վեսթ Փալմ Բիչում իր աջակիցներին:
Աղբյուրը նկատում է, որ ո՛չ Թրամփը, ո՛չ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը չեն ապահովել հաղթելու համար անհրաժեշտ ընտրական կոլեգիայի 270 ձայնը:
Սակայն ըստ Fox News-ի հաշվարկների՝ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Հարրիսը` 226: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
10:53
Թրամփը հավաքում է ընտրիչների 277 ձայն, Հարրիսը` 226, գրում է Fox News-ը՝ կանխատեսելով, որ հանրապետական թեկնածուն կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը:
10:35
Թրամփը ստանում է ընտրիչների 267 ձայն, մինչդեռ Հարրիսը՝ 226. իրական ժամանակի ռեժիմով տվյալները թարմացնում է Fox News-ը: Հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 270 ձայն:
10:15
Թրամփն իր աջակիցների, այդ թվում՝ միլիարդատեր Իլոն Մասկի հետ գտնվում է Ֆլորիդայի «Մար ա Լագո» կալվածքում, որտեղ հետևում է ձայների հաշվարկի ընթացքին:
9:56
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոինի փոխարժեքը պատմական ռեկորդ է սահմանել: Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների օրը, բիթքոինի փոխարժեքը Binance-ում շուրջ 68,000 դոլարից հասել է ուղիղ 75,000-ի: Այնուհետև գինը մի փոքր նվազել է՝ հասնելով 74,400 դոլարի, գրում է rbc.ru-ն:
9:29
Թրամփը պնդել է, որ Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել «զանգվածային խաբեություն»: Այս մասին գրում է news.sky.com-ը:
«Շատ են խոսում Ֆիլադելֆիայում զանգվածային խաբեության մասին: Իրավապահ մարմինները գալիս են», - Truth Social սոցցանցում գրել է նախագահաի թեկնածուն:
Սակայն Նահանգի ոստիկանությունն ու շրջանային դատախազ Լարի Կրասները հերքել են դա՝ ընդգծելով, որ Թրամփի պնդումներն «անհիմն» են:
8:12
Հայտնի են ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները մի շարք նահանգներում։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ մի շարք վայրերում առաջատարը դեռ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան գնահատականներ են տալիս ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում ՝ Fox News հեռուստաալիքը, The New York Times-ը, The Washington Post-ը, Axios պորտալը։
New York Times-ն անգամ Թրամփի հաղթանակը կանխատեսում է 87 տոկոս հավանականությամբ:
Վերջնական արդյունքը հայտնի կլինի մի քանի օրից: