Tert.am-ը գրում է․
Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», - ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացը։
«Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները, երկու կողմից էլ զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործընթացում: Այս ամենը կողմերից պահանջում է ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ: Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։