Ողջունում եմ սոցիալական արդարությանը նվիրված մեր համաժողովը, որը ժամանակակից աշխարհում ամենակարևոր թեմաներից մեկին է  անդրադառնում: Այս մասին  «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Յուրաքանչյուր կառավարության ու հանրության համար  սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն: Ուզում եմ ձեզ հետ կիսվել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր  գործոնով: Իմ կարծիքով սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար  անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության: Այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ կրթությունը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում:

«Ամենակարևոր բաղադրիչը հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարն առաջին հերթին դրվում է հանրակրթության ոլորտի հասնալիությամբ: Մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, երբ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին, ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը կառավարությունը փորձում է  լուծել:

Այդ խնդրի լուծմանն են ուղղված 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրն ու ակադեմիական քաղաքի նախագիծը: Այս թեմաներն ուղիղ կապ ունեն կանանց ներգրավման խնդրի հետ ու առաջին հերթին նկատի ունեմ մանկապարտեզների հասանելիությունը:

Ակնհայտ է, որ շատ դեպքերում մանկապարտեզների հասանալիության պակասությունը խոչընդոտ է կանանց համար՝ զբաղվել իրենց կրթությամբ, բիզնեսով  և զարգացնելու իրենց  հմտությունները: Մանկապարտեզները կրթության առաջին աստիճանն են, որոնք մոլեկուլյալ մակարդակում պետք է ներդնեն այն հնարավորությունները, որոնք հետագայում պետք է օգտագործվեն: Ցանկացած տարիքում մարդը կարող է կանգնել սեփական կյանքը կառավարելու հմտությունների առաջ: Մեր քաղաքականությունն է մարդկանց աջակցել, որ նրանք իրենց կյանքը նոր իրավիճակներում կառավարելու ավելի լայն հնարավորություն ունենան»,- ասաց վարչապետը:

Վերջինս ընդգծեց, որ պետք է հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը: Դրանց կոնցեպտներն այլ են: Սոցիալական արդարության հայեցակարգը  ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով ու իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության որակի ու արտադրողականության հետ:

Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի աջակցելու մարդկանց, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, արտադրողական ու մրցունակ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել