ԱԺ-ում օրեր առաջ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ): Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, իսկ առաջին մասը մասնավորապես վերաբերում է արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել