Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Այս մասին հայտարարում է ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ պատասխանելով նախագահ Ջո Բայդենի առաջարկների վերաբերյալ «Ազատության» գրավոր հարցմանը:

«Կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ: ԱՄՆ-ը հանձնառու է սատարել այդ գործընթացը կողմերի համար օգտակար ցանկացած ձևով»,- փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ ամփոփելով, որ այս պահին հավելելու ոչինչ չունեն:

Ռադիոկայանն ամերիկյան արտաքին գերատեսչությունից հետաքրքրվել էր, մասնավորապես, թե հայկական և ադրբեջանական կողմերին հղած նամակներում ի՞նչ է առաջարկել և ի՞նչ փոխզիջումների մասին է գրել ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած նամակում վստահեցրել է, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ», - ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Փաշինյանին գրել է Բայդենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել