ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել է, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:

Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։

«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ  հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել է Օսթինը: 

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «եթե նրանց մտադրությունն է մասնակցել պատերազմին Ռուսաստանի կողմից, դա շատ, շատ լուրջ խնդիր է»:

Օսթինը նշել է, որ «անհասկանալի է, թե Հյուսիսային Կորեան ինչ կստանա այդ քայլից»: 

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ սրանից կարելի է ենթադրել, որ «Ռուսաստանի ռազմական հնարավորությունները թուլացել են և նա ստիպված է դաշնակիցներ Իրանից և Հյուսիսային Կորեայից օգնություն ստանալ»:

«Սա վկայում է այն մասին, որ նա կարող է նույնիսկ ավելի մեծ խնդիրների մեջ լինել, քան շատերն են պատկերացնում», - ասել է Օսթինը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել