Tert.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում տեսնում է ռիսկեր, սակայն գործընթացի բացակայության ռիսկերը հազարապատիկ ավելի է համարում: 

Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: 

Փաշինյանը շեշտեց՝ կյանքում գոյություն չունի այնպիսի բան, որ ռիսկ չունի իր մեջ:

«Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը՝ այդ ռիսկերով հանդերձ, համարում դրական. որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ հարցն այն է, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգի մեխանիզմները հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել: «Մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել»,- հավելեց վարչապետը:

Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ. կմ օկուպացված է, սակայն ՀՀ–ն դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում:

 «Մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել