Tert.am-ը գրում է․

Երեկ Աժ-ում կատարվածի, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ առաջացած աղմուկի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է պատգամավորի հետ:

- Պարոն Աղազարյան, ՔՊ-ում Ձեր դեմ արշավ է սկսվե՞լ:

- Այդպիսի բան չկա, թե ՔՊ-ում դուրս են եկել իմ դեմ, նման բան չկա:

- Ասում եք՝ ՔՊ-ում Ձեր դեմ արշավ չկա, բա երեկվա ամբողջ միջադեպն ինչի՞ հետևանք է, Հակակոռուպցիոնում էլ Ձեր անվան հետ կապված գործ կա:

- Հակակոռուպցիոն կոմիտեն ինձ կանչել է 4 ամիս առաջ, ի՞նչ կապ ունի երեկվա նիստի հետ: Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն այս կամ այն դրվագով որևէ պատգամավորի կանչում է հարցաքննության, դա նշանակում է, թե ՔՊ-ն ելե՞լ է արշավի տվյալ անձի դեմ: Չէ, կան գործընթացներ, որ բոլրս էլ հավասար ենք, պարտավոր ենք մասնակցել այդ գործընթացին, եթե մեր անունը շոշափվում է, հետո քննությունը կպարզի՝ ով ինչ կարգավիճակ ունի:

- Չե՞ք կարծում՝ եթե թիմով գալիս են, հասնում Ազգային ժողով ու սկսում միմյանց մեղադրել, միմյանց մասին ինչ-որ բացահայտումներ անել հրապարակային, ուրեմն մի բան կա, մի բան այն չէ:

- Բնականաբար, ինչ-որ բան կա: Իմ տղայի հետ կապված կա քրեական գործ, ավտոներկրման հետ կապված: Իմ տղային հրահանգել եմ, որ ոչ մի կոմպրոմիսի չգնա, թող Քննչական կոմիտեն գործն ավարտի, ուղարկի դատարան, երկու տարի է չի անում:

- Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, թե Արգիշտի Քյարամյանը գործը նվիրում է Լևոն Քոչարյանին, ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Այո, բա ինչի՞ չի անում: Ես էլ անհանգստություն ունեմ, որ ինքը մտածում է՝ վաղը չէ մյուս օրը իշխանափոխություն կանի, Հովիկի նման լավ պատառին կտրամադրի ընդդիմադիրներին, բա իրավունք չունե՞մ մտածելու, բա ինչի՞ չի անում, երկու տարի է այդ գործը չի հասցնում տրամաբանական ավարտին և հանձնում դատարան, հարցեր կան չէ՞:

Ասում է՝ առնվազն երկու հոգի զանգել են այդ գործի հետ կապված, եթե նման բան է եղել ապա այդ երկու հոգին հաստատ ինձնից ոչ ցածր կարգավիճակ ունեցող անձինք են: Ես չեմ կարող խնդրել ինձանից ցածր կարգավիճակ ունեցող անձին, որպեսզի դիմի Քյարամյանին, կամ ես պետք է դիմած լինեմ կամ ինձնից բարձր կարգավիճակ ունեցող: Բա եթե ինձնից բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյա է ուզում ազդել նախաքննության վրա, դա խնդիր չէ՞, թող հրապարակի տեսնենք՝ ովքեր են, որ այս երկրում նման բաներ են անում, թող հրապարակի:

- Երեկվա նիստից հետո այդ փոխադարձ մեղադրանքներից ու վիրավորանքներից հետո վարչապետի հետ հանդիպում եղե՞լ է:

- Ոչ, նման բան չի եղել, արձագանք էլ չի եղել, ոչ մի խոսակցություն չի եղել:

- Պարո՛ն Աղազարյան, Քյարամյանն ո՞ւմ նկատի ուներ, երբ դիմեց՝ Ձեզ եմ ասում սև շորով պատգամավոր, հետո դիտողություն արեցիք ինչից էլ ամեն բան սկսվեց:

- Ես, ճիշտն ասած, լավ չհասկացա՝ ում նկատի ուներ, շատ կարևոր էր այդ հանգամանքը, որ ինքը շեշտեց սև շորով պատգամավոր: Պատգամավորի հետ այդ մակարդակի պաշտոնյան չի կարող խորհրդարանում այդպիսի արտահայտություններով խոսել: Հիմա դա Արփի Դավոյանի օգնականն է եղել, թե ուրիշ պատգամավոր է եղել, դա բոլորովին այլ հարց է, բայց այդ կարգավիճակի պաշտոնյային հարիր չէ խորհրդարանում այդ պահվածքը: Ես դրա համար դիտողություն արեցի: Հիմա իր համար ցավալի՞ էր այդքան, որ ես դիտողություն եմ արել, ինքն էլ այդպես արձագանքեց. դա արդեն մտածելու տեղիք է տալիս:

- Կարծիք կա, որ Քյարամյանը նման կերպ պահեց, քանի որ իրեն անդադար դիմում են այս կամ այն գործին ընթացք չտալու և այլ հովանավորչության համար:

- Ուրիշները դիմում են մուռն ինձ վրա՞ է թափում:

- Բայց նա ասաց, որ Ձեր որդու համար էլ են դիմել, եթե չեն դիմելու ինչու պետք է նման բան հայտարարեր, թեպետ Դուք հերքում եք:

- Էլի եմ ասում՝ թող անուններ հրապարակի: Ես կոշտ հայտարարություն եմ արել, եթե ինքն անուններ չհրապարակի ուրեմն սենց-նենց է: Լավ կամ թող չհրապարակի, թող կանչի ինձ, ասի այս անձն է ասել: Դե թող ասի, ինչո՞ւ չի անում: Ոչ այն է անում, ոչ էլ՝ բա ես ի՞նչ մտածեմ:

- Հրապարակային միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքները չե՞ն ենթադրում, որ ՔՊ-ում խմորումներ կան:

- Խմորումներ չկան: Ընդհանրապես չեմ հիշում որևէ պետություն, որևէ երկրում որտեղ կարողանան բոլորն ազատ արտահայտեն իրենց կարծիքները: Սա բարձր եմ գնահատում, անկախ երեկ պարոն Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպից ես գնահատում եմ, որ սա մի պատմական իրողություն էր՝ պարոն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպված:

- Սպասե՞նք Քյարամյանի պաշտոնանկությանը:

- Սպասե՛ք:

- ՔՊ-ում գործընթաց սկսվե՞լ է նրա պաշտոնանկության հետ կապված:

- Ո՛չ, նման բան չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել