Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ Այս մասին համապատասխան բանաձև է ընդունել Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Դաշնային խորհրդի ընդունումից հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։
Բանաձևով Դաշնային խորհուրդը կոչ է անում Շվեյացարիայի իշխանություններին կազմակերպել խաղաղության համաժողով։
Բանաձևում նշված է՝ համաժողովը, որի նպատակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունն է, կազմակերպվելու է ամենաուշը մեկ տարվա ընթացքում։ Այն անցկացվելու է միջազգային դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու դարերով Լեռնային Ղարաբաղում բնակված հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ:
Նախագծի հեղինակները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանելու բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողությունները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։
«Շվեյցարիան նախկինում մի քանի անգամ հաջողությամբ հանդես է եկել որպես չեզոք միջնորդ միջազգային հակամարտություններում: Դաշնային խորհուրդը 2024-ի հունիսին Բյուրգենստոկում հյուրընկալեց Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության կոնֆերանսը։ Շվեյցարիան նաև արժեքավոր ծառայություններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք ուղղված էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է բանաձևի նախագծում։
Խորհրդարանականները կարծում են, որ Շվեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ էներգետիկ սերտ համագործակցությունը:
«Սա մասնավորապես ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, հնարավորություն տալ տեղահանվածների վերադարձին և դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»,- նշված է նախագծում: