168.am-ը գրում է․
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) բոլոր հնարավորություններն ունի՝ դառնալու արդար բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը։ Այս մասին Իսլմաբադում ՇՀԿ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ընդգծելով, որ միավորումը կարող է զգալի ներդրում ունենալ մասնակից երկրների և նրանց քաղաքացիների տնտեսական բարգավաճման գործում։
«Կարծում եմ, որ ՇՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի` դառնալու արդար բազմաբևեռ աշխարհի հզոր կենտրոններից մեկը, որն այժմ ձևավորվում է», – ասել է Միշուստինը:
Նա նաև նշել է էներգետիկ անվտանգության հարցերում համակարգված մոտեցումների անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ ՇՀԿ երկրներն ունեն նավթի, բնական գազի և ածխի զգալի պաշարներ, ինչպես նաև էներգիայի ամենամեծ սպառողներն են։
«Համակարգված մոտեցումներ են պետք նաև էներգետիկ անվտանգության հարցերում։ Մեր երկրները էներգիայի և էներգակիրների` աշխարհի խոշորագույն սպառողներն են»,- հավելել է ՌԴ վարչապետը։
Ռուսաստանը, նրա խոսքով, կշարունակի ենթակառուցվածքների կառուցումը էներգետիկ ոլորտի համար՝ հիմնվելով 2023 թվականի հուլիսին ՇՀԿ երկրների ղեկավարների կողմից հաստատված ռազմավարության վրա։ Բացի այդ, վարչապետը կոչ է արել ընդլայնել երկրների միջև հումանիտար կապերը գիտության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում իրականացվող նախագծերի միջոցով։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թվականին։ ՇՀԿ–ի անդամ են Բելառուսը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։