Mediahub.am-ը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ըստ ամենայնի, նոր պաշտոն կստանա։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։ Նա նոյեմբեր ամսին կդառնա «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։

Նշենք, որ ընկերության տնօրենի հաստիքի համար առաջին մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, մրցույթին դիմել է 6 հոգի, սակայն նրանցից և ոչ ոք չի ընտրվել։

Մեր տեղեկություններով՝ մրցույթի հաջորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերին, որին դիմելու է նաև Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Նշենք, որ այդ պատճառով մրցույթին դիմել ցանկացողներին ներքին կարգով արդեն իսկ զգուշացրել են, որ կա հստակ թեկնածու, որի ընտրվելու հավանականությունը մոտ է 100%-ին, հետևապես՝ «ժամանակ մի ծախսեք»։ Ուստի շատ հնարավոր է, որ մրցույթին դիմած միակ թեկնածուն լինի հենց ՔՊ-ական պատգամավորի կինը։

Հիշեցնենք, որ վերջերս մամուլը գրել էր, որ Կոնջորյանի կնոջ գործերը «ՀայՓոստ»-ում ուղղակի հիանալի են, նրա աշխատավարձը մեկ միլիոն դրամով ավելացել է։ Եթե նրա տարեկան աշխատավարձը 2021 թվականին 6.8 մլն դրամ էր, ապա 2023 թվականին արդեն 10,5 մլն դրամ է կազմել, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է կազմակերպության ավելի քան երեք հազար աշխատակիցների միջին աշխատավարձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել