168.am-ը գրում է․

Այսօր «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն մինչև ականջների ծայրը թաթախված է կոռուպցիայի մեջ։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

ՀՀ մշակութային գործիչներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու համատեքստում ունեցած իր ելույթում Մանուկյանը նշեց`շատ կցանկանար, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստացած մտավորականները լինեն նաև մտահոգ քաղաքացիներ ու զբաղվեն քաղաքի խնդիրներով։

«Իրենք պետք է հասկանան, թե ոնց է հունվարի 1-ից տրանսպորտի մոտ 300 դրամ ուղեվճարը գոյացել, նրանք պետք է իմանան, որ քաղաքապետարանը ավտոբուսների մեջ կամերա է դրել, բայց դրանք չեն աշխատում, որ քաղաքապետարանը ստվերի դեմ կեղծ պայքար է տանում։ Իրենք պետք է գան ու հասկանան, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները, որ էն բոյով քաղաքապետն (նկատի ունի Հրաչյա Սարգսյանին,-խմբ) առնում էր թանկ գնով, Հայաստան էր բերվում և տեխնիկական պարամետրերը չէին համապատասխանում պահանջներին, 2 նստարան չկար ու լիքը խնդիրներ կային։ Ո՞նց եղավ, որ այդ խնդիրներով ավտոբուսները քաղաքապետարանն ընդունեց»,-ասաց Մանուկյանը։

Նա ընդգծեց` քաղաքում խոսում են, որ «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսները սպասարկում է Հրաչյա Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը։

Իր խոսքում ավագանու անդամը հույս հայտնեց, որ Երևանի պատվավոր քաղաքացիները կմասնակցեն քաղաքի կառավարմանը, իրենց հեղինակավոր խոսքն ասեն, այլ ոչ թե միայն կվայելեն իրենց կոչումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել