Hetq.am-ը գրում է․
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց գույքի նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, հետևաբար հրավիրում են գործի նյութերին ծանոթանալու:
Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:
Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում:
Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին և որդիներին մեղադրանք է առաջադրված: 2023թ. դեկտեմբերի 25-ին Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել քրեական գործ, ըստ որի՝ Սարգիս Ղարաքեշիշյանը Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված տարբեր չափերով հողամասերը, ինչպես նաև Կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված «ՍՏԵՓ ԳՐԻՆՏՈՒՐ» ՍՊԸ-ին, մորաքրոջ որդուն՝ Կամո Սարգսյանին, ընկերոջ՝ Արարատ Բարսեղյանի որդուն՝ Պարույր Բարսեղյանին, Ստեփանավան համայնքի ավագանու անդամ Ռազմիկ Պապյանի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: