168.am-ը գրում է․
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը թափանցիկություն է բերում տարածաշրջան: Նման համոզմունք հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում:
Գրիգորյանը կրկնեց՝ Հայաստանը շատ բարձր է գնահատում այն, ինչ անում է ԵՄ առաքելությունը Հայաստանում:
«Կուզեի նշել մի բան, որը կարևոր է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում։ Առաքելության նպատակը ԵՄ մասին հայերի պատկերացումը փոխելը չէ, սակայն ԵՄ առաքելությունը դա արել է»,-ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը բարձր գնահատեց այդ հավելյալ արժեքը:
«Այդ առաքելությունը տարածաշրջան բերում է նաև թափանցիկություն, որը նույնպես շատ կարևոր է: Նախքան այս տարվա ապրիլի 5-ը (խմբ-2024 թվականի ապրիլի 5-ին կայացել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը) Ադրբեջանը, շատ լրատվամիջոցներ մեզ մեղադրում էին, թե մենք իբր փորձում էինք սրել իրավիճակը, նոր ուժեր բերել սահմանի մոտ: ԵՄ առաքելությունը կարևոր դեր ունեցավ և, թափանցիկությունն ապահովելով, ցույց տվեց, թե ինչ է կատարվում տարածաշրջանում ու հերքեց այդ կեղծ մեղադրանքները»,-ընդգծեց նա: