Գազայի հատվածում հոկտեմբերի 9-ի իսրայելական հարվածներից առնվազն 64 պաղեստինցի է զոհվել։
Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ զոհերից 15-ը եղել են պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարի հիվանդանոցում։ Գազայի հատվածի հյուսիսում վեցօրյա պաշարումը ՄԱԿ-ին ստիպել է փակել ապաստարանների վերածված դպրոցները և հիվանդանոցները։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 42 000 մարդ, վիրավորվել՝ 97 720-ը։
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։
Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, ինչպես նաև զուգահեռ ցամաքային գործողություն է սկսել այնտեղ՝ ուղղված «Հեզբոլլահ» շարժման դեմ, որը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Լիբանանի տարածքից գնդակոծում էր Իսրայելի հյուսիսը: