Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

Որոշումն ընդունվեց  այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել